Հասարակություն

Ինչպես կամրջել բուհի և աշխատաշուկայի միջև եղած բացը

sonahakobyan
Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել համալսարանի Կարիերայի կենտրոնի, Շրջանավարտների միավորման և անգլերենի հաղորդակցման ու թարգմանության ամբիոնի կազմակերպած  «Բուհ-գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնարդյուքների համաձայնեցումը գործատուների հետ» քննարկումը: Միջոցառման նպատակն է հնարավորինս մերձեցնել բուհական կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին և համապատասխանեցնել դրանք որակավորումների ազգային շրջանակի պահանջներին, ինչպես նաև նպաստել երիտասարդ մասնագետների ներգրավմանը տեղական և միջազգային աշխատաշուկաներում:

 

Ուսանողները, դառնալով բուհի շրջանավարտ, հաճախ չեն կարողանում իրենց տեղը գտնել աշխատաշուկայում: Պատճառները բազմաթիվ են և դրանցից մեկն էլ բուհի կրթական ծրագրերն են, որոնք հաճախ չեն համապատասխանում գործատուների պահանջներին: Թերևս քիչ չեն նաև այն ուսանողները, ովքեր այնքան էլ շուրջ չեն վերաբերվում իրենց մասնագիտությանը, ինչի հետևանքով դառնում են գործազուրկ:

Եթե մի շարք մասնագիտությունների գծով շրջանավարտները հաճախ հմտություններ են ձեռք բերում արդեն պրակտիկ աշխատանքում, ապա օրինակ թարգմանչի գործում առանց համապատասխան գիտելիքի, ոչ միայն հաջողությունների չեն հասնի, այլև անգամ աշխատանքի չեն տեղավորվի: Արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Աբովյանն այս առումով սխալ է համարում մեղքը միայն գործատուի վրա գցելը: Թարգմանությունը շատ լուրջ և պատասխանատու աշխատանք է, որը պահանջում է նաև համապատասխան խորքային գիտելիքներ:

Միայն լեզու իմանալով հնարավոր չէ լավ թարգմանիչ դառնալ:  Լիանա Աբովյանը կարծում է, որ փոփոխությունները պետք է սկսել կրթական ծրագրերից, քանի որ ներկայումս աշխատաշուկան իսկապես լավ մասնագետների պակաս ունի:

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում այսօր անցկացված քննարկումն էլ միտված է այս բացի լրացմանը: Նախևառաջ պետք է Բուհի կրթական ծրագրերը համապատասխանեցնել գործատուների պահանջներին՝ հնարավորինս մատչելի դարձնելով շրջանավարտների մուտքը աշխատաշուկա, նշեց լեզվահասարակագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի համակարգող Լևոն Բաբամյանը:

Հանդիպման նպատակն է հասկանալ, թե գործատուի համար ինչպիսի որակավորում պետք է ունենա թարգմանիչ-բակալավրը, ինչպիսի կարողություններ  թարգմանիչ-մագիստրոսը և այդպիսով փորձել կամրջել բուհի և աշխատաշուկայի միջև եղած բացը:

Back to top button