Մշակույթ

Վահրամ Սահակյան. Երեկն անցավ, իսկ այսօր նոր խոսք է պետք

alisagevorgyan
Պիես, վեպ, թե բանաստեղծություն, իր բոլոր ստեղծագործություններում գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանը փորձում է իր ժամանակի հետ քայլել: Ստեղծագործողին բնորոշ մտքի և հոգու անընդհատ խմորումների արդյունքում ծնվել են նրա նոր գործերը, որտեղ նա փորձել է լինել ժամանակակից ու ձերբազատվել ազգային մեր մտածողության, հետևաբար և գրականության մեջ արմատացած կարծրատիպերից:

 

Ստեղծագործող մարդու մեջ միշտ էլ նոր ստեղծագործություն կա, որն անընդհատ խմորվում է, խմորվում՝ քայլելիս, ուտելիս, անգամ քնած ժամանակ: Դա չընդհատովող հոգեվիճակ է, որի արդյունքն էլ մի օր հանձնում ես թղթին կամ էլ համակարգչին: Նման խմորումների արդյունքում 2015-ին ծնվեց Վահրամ Սահակյանի քնարական բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուն, ապա ծավալուն մի պիես, որի մասին առայժմ գերադասում է շատ չխոսել:

Վահրամ Սահակյանն այժմ աշխատում է նաև վեպի վրա, որի վերջը դեռ չի երևում: Պիես, վեպ, թե բանաստեղծություն, իր բոլոր ստեղծագործություններում գրող Սահակյանը փորձում է իր ժամանակի մեջ լինել: Ըստ նրա՝ հետաքրքիր չեն այն ստեղծագործողները, որոնք մնացել են 90-ականների մեջ կամ անգամ  2015-ի: «Երեկն անցավ, իսկ այսօր նոր խոսք է պետք: Այն, ինչ մարդուն հետաքրքիր էր երեկ, այսօր այլևս հետաքրիքիր չէ»,-ասում է Վահրամ Սահակյանը, գրող, ով ժխտում է նաև մեր մտածողության ու նաև գրականության մեջ արմատացած կարծրատիպերը:

Վահրամ Սահակյանի խորին համոզմամբ հայ երիտասարդը պետք է ուսումնասիրի Հայոց պատմության վերջին 300, առավելագույնը 500 տարիների պատմությունը և Տիգրան Մեծերի հետևից չընկնի: 2797 տարեկան Երևանով հպարտանալու փոխարեն, ըստ նրա, հայ երիտասարդը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է շատ արագ  ազատվել հյուղակներից, անճաշակ շինություններից ու կառուցել նոր Երևանը:

Back to top button