Քաղաքական

Խորհրդակցություն` ՀՅԴ-ում

Այսօր «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի  է ունեցել  ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ:  Ինչպես հայտնում են ՀՅԴ ԳՄ մամլո դիվանից,  ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանգամանալից ներկայացնելով վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացները, անդրադարձել է սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքում ՀՅԴ ունեցած և նրանից ակնկալվող դերակատարությանը: Առանձնակի քննության առարկա դարձնելով ՀՅԴ հանրահայտ 7 կետերը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը որոշակի գոհունակություն է հայտնել վերոհիշյալ կետերի շուրջ արձանագրված դրական լուծումների կապակցությամբ, խոսել իշխանության հետ հնարավոր համագործակցության սպասելիքների և ձևաչափերի մասին:

Ներկա հանգրվանում Հրանտ Մարգարյանն իբրև քաղաքական ձեռքբերում է որակել նոր Սահմանադրության ընդունումը, ուր իրացվել են ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները երկրի կառավարման մոդելի և մի շարք կարևորագույն քաղաքական խնդիրների շուրջ: Անդրադառնալով հետսահմանադրական ընթացքին` բանախոսը կարևորել է ՀՅԴ քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրում առկա սոցիալական, տնտեսական ու աշխարհաքաղաքական մարտահրավերները դիմագրավելու առումով:

Խորհրդակցության ընթացքում հատկապես ընդգծվել են ներկուսակցության խնդիրները` կուսակցության ընդլայնումն ու կազմակերպվածությունը դիտելով որպես ամենօրյա արդյունավետ աշխատանքի նախապայման: Խորհրդակցությանը հաջորդող հարցուպատասխանի ընթացքում արծարծվել և պարզաբանումներ են  տրվել իշխանության հետ հնարավոր համագործակցության բովանդակության և ձևաչափի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումների շարքը` առավել հանգամանալից քննելու ՀՅԴ ներքաղաքական և ներկուսակցական օրակարգերը:

Back to top button