Հասարակություն

ՄԻՊ թեկնածուն կառաջադրի ոչ թե ԱԺ մարդու իրավունքների, այլ՝ պետաիրավական հանձնաժողովը

lusinevasilyan

Փետրվարի 1-ին կմեկնարկի ԱԺ 9- րդ նստաշրջանը: Խորհրդարանական հանձնաժողովներն այս շաբաթ նիստեր են հրավիրում ու քննակում այն հարցերը, որոնք  ընդգրկվելու են մեծ ու փոքր  օրակարգերում: Պետաիրավական հանձնաժողովի նիստում այսօր 12 հարց է քննարկվել: Դրանցից 10-ի ընդգրկումը օրակարգ  հետաձգվել է  մինչև 1 տարով,  իսկ մեկին բացասական եզրակացություն է տրվել: Միակ նախագիծը, որն այսօր դրական եզրակացություն է ստացել, մշտական հանձնաժողովների  գործունեության ոլորտներին վերաբերող որոշման  նախագիծն է: Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ՄԻՊ հրաժարականից հետո: Խորհրդարանը պետք է նոր օմբուդսմեն ընտրի, գործող կանոնակարգումները, սակայն, հակասում են նոր Սահմանադրության դրույթներին:

 

Ով պետք է օմբուդսմենի նոր  թեկանծու առաջադրի: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» գործող օրենքով ՝ այդ իրավունքը պատգամավորների 1/5-ինն է, իսկ նոր Սահմանադրությամբ՝ իրավասու մշտական հանձնաժողովինը: Համապատասխան հոդվածը, մասնավորապես,  սահմանում է՝ Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Իսկ քանի որ նոր Սահմանադրության՝  ՄԻՊ վերաբերող գլուխն արդեն ուժի մեջ է, ապա նշանակում է, որ խորհրդարանը պետք է առաջնորդվի նոր կարգավորումներով: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր այն որոշման նախագիծը, որը փորձում է լուծել  հին և նոր կարգավորումների հակասության հարցը:  Նախագծի հեղինակներից մեկը հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն է: «Մեք փորձել ենք որոշման մեջ փոփոխություններ կատարել և բերել այն իրավակարգավորման դաշտ, որ կարողանանք իրացնել Սահմանադրության համապատասխան հոդվածները և այս չնախատեսված իրավիճակից դուրս գալ առանց խախտումների»:

Փոփոխություններով  նախ սահմանվում է, որ իրավասու համապատասխան հանձնաժողովը պետաիրավականն է: Այսինք, ՄԻՊ թեկնածու պետք է առաջադրի հենց այս հանձնաժողովը: Իսկ ինչու ոչ մարդու իրավունքներինը, հարցը հետաքրքում էր Զարուհի Փոստանջյանին: Ավելին՝ նա այս փոփոխության մեջ թաքնված նպատակներ էր տեսնում: «Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ իրավասու համարվեր մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը: Թե՞ մտավախություն ունենք, որ այն ավելի պակաս վերահսկելի է, քան՝ պետաիրավականը, քանի որ այնտեղ ընդդիմության ավելի մեծ ներկայացվածություն ունի»:

Հովհաննես Սահակյանը Փոստանջայնի այս դիտարկմանը համաձայն չէր: Ըստ նրա՝ որոշվել է պետաիրավականին տալ պաշտպան առաջադրելու իրավասությունը, քանի որ խոսքը սահմանադրական մարմնի ու ընթացակարգերի մասին է, իսկ սահմանադրությանը վերաբվերող խնդիրները պետաիրավական հանձնաժողովի լիազորությունների դաշտում են:

Քննարկման առարկա դարձավ նաև հարցը, թե ինչպես հանձնաժողովը պետք է օմբուդսմենի թեկանածու առաջադրի:  Ըստ նախագծի՝ առաջադրումը գրավոր կարգով պետք է անի  հանձնաժողովի անդամների 1/3-րդը, իսկ քանի որ հանձնաժողովի 12 անդամներից  6-ը հանրապետական են՝ ստացվում է, որ այդ իրավունքից կարող է օգտվել միայն ՀՀԿ-ն: Սա Էդմոն Մարուքյանի դիտարկումն էր:

Որպեսզի ամրագրված իրավունքը ձևական չդառնա, Արծվիկ Մինասյանն առաջարկ ուներ, «Պետք է այդ 1/3-ը նվազեցնել, որպեսզի մյուս խմբակցությունները ևս թեկնածու առաջարկելու հնարավորություն ունենան, կամ էլ ընդհանրապես այդ իրավունքը պետք է տրվի հանձնաժողովի բոլոր անդամներին»։

Եթե ոչ բոլոր անդամներին, ապա 1/5-ին այդ հնարավորությունը տալուն ՀՀԿ-ն դեմ չէ: «Իսկապես՝ քննարկման առարկա կդարձնենք, մեր մոտեցումը դրական է, ու մեկ երրորդի հարցը գուցե վերանայվի: Հավանաբար շեմը կիջեցնենք 1/5-րդի»:

ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտները վերանայելու մասին որոշման նախագիծն ամենայն հավանականությամբ կքննարկվի փետրվարի 1-ին մեկնարկող նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում:  Խորհրդարանը պետք է շտապի ընդունել  այս փոփոխությունները,  որ կարողանա օմբուդսմեն ընտրել: Դրա համար օրենսդրությամբ 1 ամիս ժամկետ է տրվում:

Ըստ նախագծի՝ պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները հանձնաժողովի նախագահին պետք է  ներկայացվեն  որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 5 օրվա ընթացքում:

Back to top button