Հասարակություն

Ինչպես խոսափել դաբաղի վարակից. սննդաբանների խորհուրդը

lianaeghiazaryan

Մինչ ՌԴ-ն դաբաղ հիվանդության պատճառով շարունակում է արգելել Հայաստանից մսամթերքի որոշ տեսակների ներկրումը, իսկ հայաստանյան պետական որոշ կառույցներ վստահեցնում են, որ պայքար են մղում վարակի դեմ, սննդաբաններն իրենց խորհուրդներն ու հորդորն են ուղղում: Սննդաբան Հասմիկ Աբովյանը վարակից խուսափելու համար խորհուրդ է տալիս կաթը լավ եռացնել, մսամթերք գնելիս վստահ լինել, որ սանիտարական ծառայությունները հսկում են նշված վաճառքի կետը: Հարկ է խուսափել ապխտած մսամթերքից՝ հատկապես բաստուրմայից, ասում են սննդաբանները։

 

Հայաստանում դաբաղի տարածման մասին լուրը նույն Հայաստանի քաղաքացիների շրջանում  տարածվեց, երբ ՌԴ-ն հրաժարվեց մեր երկրից արտահանվող մսամթերքի որոշ տեսականի ընդունել՝ կենդանիների շրջանում այդ հիվանդության առկայության պատճառով:

Մարդկանց շրջանում այս հիվանդության տարածման առումով խուճապի կարիք չկա, կա հիգիենայի կանոնները ուշադրությամբ պահպանելու կարիք, ասում է սննդաբան Հասմիկ Աբովյանը: Կենդանիների շրջանում տարածված վտանգավոր վարակիչ այս հիվանդությունից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս չստուգված վայրերից չգնել մսամթերք, գնելիս վստահ լինել, որ սանիտարական ծառայությունները հսկում են նշված վաճառքի կետերը:

Դաբաղը վիրուսային ինֆեկցիա է, անցնում է կենդանիներից մարդկանց` կենդանիների արտաթորանքի, կաթի, հազվադեպ նաեւ մսամթերքի միջոցով: Կարելի է վարակվել կենդանու մորթու հետ առնչվելիս էլ. վիրուսը երկար պահպանվում է մորթու մեջ:

Ըստ վիճակագրության` մարդիկ 65 տոկոս դեպքում դաբաղով վարակվում են հիվանդ կենդանու կաթնամթերքից եւ ընդամենը մեկ տոկոսով՝ մսամթերքից: Հարուցիչը երկար ժամանակ կենսունակ է արտաքին միջավայրում: Վարակվելու ռիսկը մեծ է, եթե մսին հում վիճակում ձեռք տանք, չլվացված միսը օգտագործենք կամ մսին ձեռք տալուց հետո ձեռքերը չլվանանք ու այլ բաների ձեռք տանք, կամ եթե  մսի տարան առանց լվանալու օգտագործենք այլ ուտելիքներ պատրաստելիս:

Դաբաղով վարակված միսը, ըստ մասնագետի, արտաքուստ չի տարբերվում: Այս շրջանում հարկ է խուսափել ապխտած մսամթերքից՝ հատկապես բաստուրմայից, քանի որ մսի ապխտած տարբերակում վիրուսը չի անհետանում: Երեսունից հիսուն օր է պետք, որ հարուցիչը մահանա, չարժե ռիսկի դիմել: Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս կաթը լավ եռացնել. եռալուց հինգ րոպե հետո հարուցիչը վերանում է, պաստերիզացիայի ժամանակ 25-30 րոպե հետո է անհետանում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ իր հերթին է շեշտում` հիվանդ կենդանիների համար դեռ պատվաստում չկա: Վարակից խուսափելու ելքը միսը լավ եփելն է կամ համոզվել, որ լավ է խորովվել: Դաբաղը մարդկանց մոտ արտահայտվում է բարձր ջերմությամբ, տենդով, դուրս է տալիս բերանի, քթի հատվածներում, մատների արանքում, սարսափելի ցավ է առաջանում ու նույնիսկ չեն կարողանում սնվել:

Մարդուց մարդու դաբաղը չի անցնում: Հիվանդությունը բուժելի է, բայց անհրաժեշտ է բժշկի հանձնարարականների խիստ կատարում:

 

Back to top button