Հասարակություն

Դասերը կվերսկսվեն, բայց առանց ֆիլկուլտուրայի դասերի

sonahakobyan

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով`  անդամ 32 երկիր հայտնել է, որ եվրոպական տարածաշրջանում գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների աշխուժացման միտում է նկատվում: Գրիպի H1N1 ենթատեսակը ծանր սուր շնչառական վարակների նկատմամբ շարունակում է գերակշռել հատկապես Եվրոպայի արևելյան հատվածում, այն էլ՝ հիմնականում 15-64 տարեկան անձանց շրջանում: Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված  հայաստանյան իրավիճակն է այսօր  ներկայացրել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելմանազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և հայտնել, որ թեև դիմելիությունը զգալի նվազել է, և լուրջ հաջողություններ են գրանցվել, այնուամենայնիվ զգոնությունը չի կարելի թուլացնել: 

 

2016 թվականի հունվարին, հիմնականում տոնական և հետտոնական օրերին, արձանագրվել  է սուր շնչառական վարակների աշխուժացում, որին էլ նպաստել են ջերմաստիճանի կտրուկ նվազումը, տոնական օրերին ակտիվ շփումները և գրիպի շրջանառող հարուցիչը՝ հիմնականում H1N1-ը, ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը՝ նշեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելմանազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Իրավիճակի լարվածությունը հիմնականում պայմանավորված էր նշված հիվանդությունների սեզոնային ակտիվությամբ, սակայն ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, իսկ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապբուժօգնության կանչերի նկատելի նվազում:

«Հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նվազել է շուրջ 60%-ով: 46%-ով նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը»։

Հաշվի առնելով, որ հիվանդության դեպքերի գրեթե 80 տոկոսը կազմում են մինչեւ 18 տարեկան երեխաները, ՀՀ առողջապահության նախարարությունը հասարակությանը հորդորում է չթուլացնել զգոնությունը, քանի որ վիրուսը չի վերացել և կարող է շատ արագ նորից զարգանալ և տարածվել:

Ի դեպ՝ դպրոցական և նախադպրոցական հաստատություններում 3 շաբաթ հետաձգված դասերն այլևս կվերսկսվեն: Ուստի ուսումնական հաստատություններում այսօրվանից սկսած  համապատասխան աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի դասերն սկսվելուն պես նորմալ ջերմաստիճան լինի:

«Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լինելու է համաճարակային ֆիլտր: Այն երեխաները, ում մոտ գրիպի թեթև նախանշաններ կլինեն, նրանք կմեկուսացվեն: Ժամանակավորապես կդադարեցվեն ֆիզկուլտուրայի դասերը և առաջարկել ենք դեռևս չաշխատացնել բուֆետները՝ կուտակումներից խուսափելու նպատակով»:

Առողջապահության նախարարությունը վարակը կանխելու նպատակով հիշեցնում և հորդորում է հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային:

 

Back to top button