Հասարակություն

Ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են

Հանրապետությունում նախորդ օրերին տեղացած առատ ձյան և բքի  հետևանքով
միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները հիմնականում եղել են
դժվարանցանելի, մի քանիսն էլ՝ երբեմն փակ:

Այսօր հանրապետության մեծ մասում առանց տեղումների եղանակ է, սակայն
ճանապարհաշինական ընկերությունները դեռևս շարունակում են ճանապարհների
մաքրման, լայնացման աշխատանքները:

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ՃՇՇ» ՓԲ ընկերության
տնօրեն Մարսել Կարապետյանի փոխանցմամբ՝ անցած մի քանի օրերին, հատկապես
գիշերային ժամերին, ճանապարհներին եղել է բուք, տեսանելիության ցածր
աստիճան, սակայն Աշոցքի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների և
ձյուն մաքրող մեքենամեխանիզմների չընդհատվող աշխատանքի շնորհիվ
Հանրապետության այդ հատվածում միջպետական և հանրապետական նշանակության
ավտոճանապարհները չեն փակվել:

Արագած-Ծիլքար և Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածներին վերջին օրերի առատ
տեղումների ընթացքում ձյան շերտի հաստությունը հասել է մինչև 60-70սմ:

Հովհաննես Մարտիրոսյանի ղեկավարած համանուն ՓԲ ընկերությունը ճանապարհը
ձյունից մաքրելու համար աշխատել և շարունակում է աշխատել երկու հերթափոխով՝
24 ժամյա ժամանակացույցով:

Ճանապարհները միշտ բաց պահելու համար կատարել են աղ ու ավազով մշակման,
երթևեկելի գոտու լայնացման աշխատանքներ: Ընկերության ղեկավարի խոսքով՝
այսօր իրենց տարածաշրջանում առանց տեղումների եղանակ է:

Ձյուն չի տեղում նաև Արթիկի տարածաշրջանում: Ճանապարհները սպասարկող
«Արթիկի Ճանշին» ՓԲ ընկերության տնօրեն Վահագն Բաղդասարյանը մեզ հետ
զրույցում ասաց, որ փակ ճանապարհներ այս պահին չունեն, սակայն որոշ
հատվածներում առկա է մերկասառույցի վտանգ: Երեկ մինչև առավոտյան ժամը 11-ը
դժվարանցանելի են եղել Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ հատվածները, սակայն
ճանապարհաշինական ընկերության ձյուն մաքրող 7 մեքենաներն ու 20-25
բանվորներն ամբողջ գիշեր աշխատել են և առավոտյան արդեն երթևեկությունը
լիարժեք վերականգնվել է:

Այժմ երկկողմանի փակ է Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքը:  Չնայած այստեղ
հիմա էլ ձյուն է տեղում, սակայն բուքն արդեն դադարել է,  և «Շանթ-Սեյրան»
ընկերության աշխատակիցները Մարտունու կողմից սկսել են ճանապարհի մաքրման
աշխատանքները:

Ճանապարհաշինական ընկերության ղեկավարը՝ Արմեն Ղուկասյանը, տեղեկացրեց, որ
իրենք անընդհատ հեռախոսային կապի մեջ են Եղեգնաձորի իրենց գործընկերների
հետ, ովքեր ճանապարհահատվածը մաքրում են մյուս կողմից:

Ըստ Արմեն Ղուկասյանի՝ վաղը, կեսօրից արդեն, Վարդենյանց լեռնանցքը բաց
կլինի:

Back to top button