Հասարակություն

Դաբաղի նոր տեսակի պատվաստանյութը մինչեւ մարտ կներկրվի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունը Երեւանում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ բանակցություններում քննարկել է Հայաստանում անասնահամաճարակային իրավիճակը, մասնավորապես կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների՝ այդ թվում դաբաղի կանխարգելմանն ուղղված քայլերը, հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Կարևորվել է դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութի ձեռքբերման և հնարավորինս արագ պատվաստումներն իրականացնելու հարցը՝ հարևան երկրներում տարածված վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

Բանակցություններն այս ուղղությամբ արդեն ավարտվել են, մրցույթն ամփոփվել է, և նոր պատվաստանյութը մինչև մարտ ամսվա վերջ կբերվի հանրապետություն: Ռոսսելխոզնադզորի պետի տեղակալ  Նիկոլայ Վլասովը վերահաստատել է, որ ժամանակավոր արգելքը կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառում է, որը կիրառվում է միջազգային չափանիշներին համահունչ՝ Կենդաների առողջության համաշխարհային կազմակերպության սկզբունքներով, և որ այն չի սահմանափակում վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի արտահանումը ՌԴ:

Ռուսաստանի դաշնային ծառայության ներկայացուցիչներն ացելել են նաև «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ: ԵՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագրով գիտական այս կենտրոնի վերանորոգմանն ու վերազինմանը կուղղվի 5.8 մլն դոլար:

ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության մասնագետներն այցի շրջանակներում գնահատեցին ՊՈԱԿ-ի տեխնիկական հնարավորությունները, որի արդյունքում էլ կկազմվի հետագա աշխատանքային ծրագիրը: Ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագիրը կավարտվի 2017 թվականի վերջին:

Back to top button