ԿարևորՔաղաքական

Սարսանգի համատեղ օգտագործման Արցախի առաջարկները Ադրբեջանը միշտ մերժել է

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

ԵԽԽՎ-ն հետաձգեց իր առերեսումն իրականության հետ, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ «Ստրասբուրգում այսօր կայացած քվեարկությունները ԼՂՀ-ին առնչվող թեմաներով, ինչ խոսք, փոխզիջումային լուծման տարբերակով են ընթացել: Եվրոպայի խորհրդի պատգամավորներին հաջողվել է խուսափել քաղաքական ֆիասկոյից, բայց դրա հետ մեկտեղ՝ չեն կարողացել հաղթահարել «մարդասիրական» երանգ տված հարցերում իրենց անտեղյակությունը»,- գրել է արցախցի խորհրդարանականը։ Նշենք, որ ԵԽԽՎ- ն այսօր «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում»  զեկույցը մերժելուց հետո ընդունեց «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրով զեկույցը: Սակայն պարզվում է, որ Սարսանգը համատեղ օգտագործման առաջարկ Արցախը մի քանի անգամ արել է, սակայն Ադրբեջանն այն մերժել է։

 

Հետաքրքիրն այն է, որ Սարսանգի հնարավորությունների համատեղ օգտագործման վերաբերյալ առաջարկներ ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանին են փոխանցել մի քանի անգամ՝ սկսած 2013 թվականից, երբ Ադրբեջանն առաջին անգամ միջազգային ատյաններում բարձրացրեց Սարսանգի հարցը:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը լրատվամիջոցներին ասել է, որ  հակառակ կողմին դիմել են թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, թե ՄԽ համանախագահների միջոցով:   Սարսանգի ջրամբարը եւ հիդրոէլեկտարկայան   կառուցվել են 1970-76 թվականներին՝ Թարթառ գետի վրա:  Ժամանակին Սարսանգի ջրերն իրոք ոռոգում էին  ոչ միայն  ադրբեջանական շրջանների այլեւ ԼՂԻՄ դաշտերը: Հակամտարտության հետեւանքով  մոտ 500 միլիոն մ³ օգտակար ջրատարողությամբ ջրամաբարը դադարեց ոռոգման ջրի աղբյուր լինելուց: Այն այժմ օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու համար:

Տարեկան Սարսանգի հէկը արտադրում է մոտ 140 միլիոն կիլովատտ ժամ  էլեկտրաէներգիա: Խնդիրը այն է, որ ամառային տարեշրջանում, երբ ադրբեջանական կողմին ջուրն անհրաժեշտ է ոռոգման նպատակով, Արցախում ստիպված են Սարսանգում ջուր կուտակել՝ ձմռանը էներգետիկ խնդիրները լուծելու համար:  Սակայն, չնայած այդ կենսական անհրաժեշտությանը,  եւ Ադրբեջանի    սադրիչ քայլերին ու հարցը  տարբեր ատյաններում շահարկելուն՝ Լեռնային Ղարաբաղում, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պատրաստ էր Միլիցա Մարկովիչի իր էությամբ հակահայկան զեկույցը, պատրաստակամ էին հարցը քննարկել  ադրբեջանցիների հետ:

ԼՂՀ վարչապետն ասում է, որ պատրաստակամ են համագործակցել եւ համաձայնության հասնելու դեպքում ջրամբարի հնարավորւոթյուններն օգտագործել ինչպես էներգետիկ, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով:  Այս պահին հիդրոհանգույցը եւ խողովակաշարերի մի մասը գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ եւ  համատեղ աշխատելով, ըստ Արայիկ Հարությունյանի, հնարավոր է որոշ հարցեր լուծել եւ գրաֆիկով օգտագործել ջուրը:

Ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտութայն հետեւանքով Արցախի ամենամեծ գետի՝ Թարթառի եւ Սարսանգի ոռոգման հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այժմ կազմվում է    Թարթառի ջրերի ոռոգման նպատակով տեղափոխվան նախագիծ:

Ինչ վերաբերվում Սարսանգի ջարամբարի անվտանգությանը, ապա վարչապետ Արայիկ Հարությունյանը  արտառոց  դեպքերը  բացառում է:

Back to top button