Սպորտ

Հայաստանը պաշտպանում է Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությունը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ- ի ընտրական հանձնաժողովն այսօր պաշտոնապես հաստատել է կազմակերպության նախագահի 5 թեկնածուներին։ ՖԻՖԱ- ի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ թեկնածուներն են արքայազն Ալի բին ալ Հուսեյնը, շեյխ Սալման բին Իբրահիմ ալ Խալիֆան, Ջիանի Ինֆանտինոն, Տոկյո Սեքսվալը եւ Ժերոմ Շամպայնը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ մեր հանրապետությունը նախագահի ընտրություններում կպաշտպանի ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությունը։

«Օրերս Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահներ և գործադիր տնօրեններ, ի թիվս այլ հարցերի լսվել և քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրված ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»)։

Լսելով և քննարկելով ծրագիրը, հանդիպման ընթացքում ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունները որոշել են իրենց դիրքորոշումները հրապարակել ներքին կանոնակարգային սկզբունքներին համապատասխան:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը») ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին: Ընտրական ծրագիրը, որում ամփոփված են ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Ջիանի Ինֆանտինոյի գործողությունների ծրագրային դրույթները ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, ֆուտբոլային բազմատեսակ շահերից բխող նոր քայլ է համաշխարհային ֆուտբոլում, նաև Եվրոպական ֆուտբոլի զարգացման ճանապարհին: «Մանիֆեստը» նոր մտածողությամբ և աշխարհընկալման նոր մոտեցումներ ընդգրկող ճանապարհային յուրօրինակ քարտեզ է, որն ուրվագծում է համաշխարհային ֆուտբոլի բոլոր հնարավոր տեսլականները, ներառում է սկզբունքային դրույթներ ֆուտբոլային սպասվող մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, գնահատելով ներկայացված ծրագրի կարևորությունը ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, իր պաշտպանությունն է հայտնում Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում և կսատարի վերջինիս՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։

Back to top button