Տնտեսական

Ռուսաստանի գահավիժող արտարժույթն ու Հայաստանին խոստացված վարկերը

hasmikdilanyan
Օրերս Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը Դաշնության կողմից տրամադրվող վարկերի ժամանակավոր դադարի մասին հայտարարեց: Հիշեցնենք, որ Հայաստանում մի շարք կարևոր նախագծերի իրականացման հիմնական վարկատուն հենց Ռուսաստանն է: Հայաստանում Ստորչակի հայտարարությանը սպասում էին, ավելին, Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի վստահեցմամբ, տնտեսական համեստ՝ 2,2 տոկոս աճի հիմքում հաշվի են առնվել նաև մի շարք երկրների ու հատկապես Ռուսաստանի տնտեսական զարգացումները:

 

Մեր երկրի գլխավոր  ֆինանսական փաստաթղթով՝  2016 թ. պետբյուջեով ամրագրված է, որ Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամից Հայաստանը 100 մլն դոլարի չափով վարկ կստանա՝  2015-17թթ 300 մլն դոլարի վարկային գծի շրջանակում՝ բյուջետային ծախսերը փակելու համար:  Բացի այդ, Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը՝ Ռուսաստանը մի քանի այլ կարևոր նախագծեր նույնպես  պետք է ֆինանսավորի, մասնավորապես ՝ Հայկական ԱԷԿ-ի վերաարդիականացման մասին համաձայնագրով  270 մլն դոլարի վարկային գիծ ու 30 մլն դոլարի դրամաշնորհ է  նախատեսված, 200 մլն դոլար գումարի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սպառազինման համար:

Ինչպես հայտնի է Ռուսաստանի տնտեսության համար, մեղմ ասած,  լավ ժամանակներ չեն, ուստի  ինչպես և ակնկալվում էր,  օրերս   ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը վարկերի տրամադրման ժամանակավոր  դադարի  մասին հայտարարեց:

«Ռուսաստանի  տնտեսությունը  կոլափսային վիճակում է»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի դիտարկումն է, այս  մասին անգամ ՌԴ  իշխանությունները չեն թաքցնում, ուստի և տրամաբանական է, որ որոշակի ֆինանսական կրճատումներ լինեն, վարկավորման ավելի զսպողական քաղաքականություն վարեն: Տնտեսագետը պարզ հաշվարկներ է ներկայացնում՝  նավթի գնի անկմամբ պայմանավորված  գրեթե կիսով չափ նվազելու են Ռուսաստանի բյուջետային  մուտքերը.

«Չեն էլ կարող այլ քաղաքականություն վարել, չունեն այնքան հնարավորություններ, որ կարողանան նախատեսված ֆինանսավորումն իրականացնել: Բարելը 50 դոլար են հաշվարկել, գրեթե կիսով չափ, բյուջետային մուտքերը պետք է պակասեն»:

Հայաստանում  առևտրային գլխավոր գործընկերոջ այս հայտարարությանը սպասում էին: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը վստահեցնում է՝ բացում է  փակագծերը՝ տնեսական համեստ՝ 2,2 տոկոս աճի հաշվարկման հիքմում նաև տարածաշրջանի երկրների ու հատկապես Ռուսաստանի տնտեսական զարգացումներն են հաշվի առնվել, գիտեն, որ գուցե վարկավորում չկատարվի.

«Հիմա գտնվում ենք բազմաթիվ ռիսկերի գոտում. նավթի գինն է անընդհատ տատանվում, Ռուսաստանի կառավարությունը վստահ է,  և մենք հուսով ենք, որ վիճակն այդքան չի ծանրանա»:

Մեր երկրի դրամական ոլորտի պատասխանատուները  հայկական արժույթը  ցանկանում են զերծ պահել հնարավոր ցնցումներից, — ընդգծում է  տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝  հավելելով՝    երկրի տնտեսության  իրական հայելին  ազգային արժույթն է, յուրաքանչյուր գահավիժող արժույթ  ցույց է տալիս, թե որքան թույլ է տվյալ երկրի տնտեսությունը:

Ի դեպ, վերջին շրջանում  արագ տեմպերով գահավիժող ռուսական ռուբլին  նախորդ հանգստյան օրերից առաջ փորձում էր վերականգնել կորցրած դիրքերը:

Back to top button