Հասարակություն

«Պետք չէ առիթից առիթ խոսել ցեղասպանության մասին». հրեական համայքի ղեկավարի խորհուրդը

lenabadeyan

Հունվարի 27-ը Հոլոքոստի միջազգային օրն է: Սա եւս մեկ առիթ է աշխարհով մեկ բարձրաձայնելու ցեղասպանության եւ հանդուրժողականության խնդիրներերի մասին: Հիշատակի միջոցառումներ ավանդաբար կազմակերպվում են նաեւ Հայաստանում՝ հրեական համայնքի նախաձեռնությամբ՝ Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որը տեղակայված է Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Ի դեպ՝ հրեական համայնքի փոխնախագահ Կարեն Հովհաննիսյանն այսօր հայտարարել ու խոստովանել է՝ Իսրայելի ժողովուրդը ցանկանում է, որ պաշտոնապես ընդունվի Հայոց ցեղասպանությունը, բայց երկրի ղեկավարներն ու քաղաքականությունն այլ ճանապարհով են գնում:

 

Հունվարի 27-ին աշխարհի 31 երկրում հիշատակում են Հոլոքոստի զոհերին, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, որտեղ, սակայն, հրեական համայնքը մեծ չէ՝ ունի մոտավորապես հազար անդամից: «Ոչ բոլորն են այսօր ճանաչել Հոլոքստը եւ շատերը չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- այսօր հայտարարում են Հայաստանում հրեական համայնքի ղեկավարները:

Նրանք ունեն իրենց բացատրությունը, թե ինչպես է ստացվել, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն ավելի քիչ են ճանաչել աշխարհի երկրները, քան՝ Հոլոքոստը: Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը խորհուրդ է տալիս. «Պետք չէ առիթից առիթ կամ միջոցառումից միջոցառում խոսել ցեղասպանության մասին»։  Տիկին Վարժապետյանը բացատրում է, նույնիսկ հաջողությունների դեպքում Իսրայելը չի դադարում ուսումնասիրել պատմությունն ու վեր հանել Հոլոքոստի նոր դրվագներ, իսկ հերա եւ հայ գործարարների տարբերությունն էլ այն է, որ հրեաները գերադասում են գումար ներդնել, ասենք՝ Հոլոքոստի մասին պատմող ֆիլմեր ստեղծելու համար, այլ ոչ թե՝ երեք անգամ նույն տեղը ասֆալտել:

Այլ կերպ ասած՝ հրեաների մոտ ընդունված է ֆինանսավորել Հոլոքոստի ճանաչման գործընթացը: Ֆինանսավորվում են հետազոտական աշխատանքները, թանգարանները, գիտահետազոտական ինստիտուտները եւ տարբեր նախագծեր: Հայաստանի հրեական համայնքի անդամները պնդում են. Իսրայելի ժողովուրդը դեմ չէ, որ պետությունն ընդունի Հայոց ցեղասպանությունը: Հրեական համայնքի փոխնախագահ Կարեն Հովհաննիսյանը նույնիսկ վկայակոչում է իրականացված հարցումը: «Իսրայել բնակչության մեծամասնությունը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բայց, ցավոք սրտի, ժողովրդի եւ քաղաքական գործիչների կարծիքները շատ հաճախ չեն համընկնում»:

Ամեն դեպքում՝ ճանաչման գործընթացում առաջնային տեղը տալիս են ժողովրդական դիվանագիտությանը: Դա է պատճառը, որ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը մինչեւ 2015 թվականը պարբերաբար հանդես է եկել տարբեր հայտարարություններով եւ հոդվածներով՝ կոչ անելով Իսրայելի ղեկավարներին ավելի զգուշավոր լինել Իսրայել-Ադրբեջան եւ Իսրայել-Թուրքիա հարաբերություններում:

Տիկին Վարժապետյանը պատմում է, որ հետաքրքիր զարգացումներ են եղել: Իր հայտարարությունն անցյալ տարի ընթերցվել է Իսրայելի Կնեսետում: Ասում է «դա շատ կարեւոր է», եղան նույնիսկ ծափողջուններ, ինչը թույլ տվեց շարունակել այս ուղղությամբ բանակցությունները, բայց եղավ այն, ինչ եղավ՝ Իսրայելի քաղաքականությունը Թուրքիայի հարցում այլ բան է հուշում եւ «Իսրայելը կրկին ստիպված է մոտենալ թուրքական ափերին»,- քմծիծաղով ասում է Ռիմա Վարժապետյանը:

Նա նշում է, որ սա միայն քաղաքականության կամ տնտեսության խնդիր չէ, սա Իսրայելի անվտանգության հարցն է: Ու նաեւ այս դեպքում որպես ցեղասպանություն վերապրած ազգի ներկայացուցիչ,  որ հաջողել են ճանաչման գործընթացում, խորհուրդ է տալիս. «Հայերը պետք է ոչ թե թախծոտ աչքերով երկխոսեն աշխարհի հետ, այլ պահանջատեր լինեն`ասելով, այո, դա եղել է, կատարվածի հիշողությունը չի խամրում: Ու պետք է ամեն ինչ անել, որ աշխարհն իմանա 1915թվականի կատարվածի մասին»։

 

 

Back to top button