Տնտեսական

Տնտեսագետ. ԵՏՄ-ի օգուտը դեռ նոր պետք է տեսնենք, բայց դրանից հրաժարումը տնտեսական ինքնասպանություն կլիներ

lianaeghiazaryan

Ի՞նչ տվեց Հայաստանին ԵՏՄ անդամակցության առաջին տարին, ինչո՞ւ մեկ ամբողջ տարվա ընթացքում, լավատեսական բոլոր սցենարներով հանդերձ, ոչ միայն չավելացան, այլեւ կրճատվեցին ներդրումները, արտահանումը, ՌԴ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները, մեր քաղաքացիների եկամուտները: Իսկ գործակցության ծավալներն այդպես էլ չավելացան: Տնտեսագետներ Աշոտ Թավադյանը, Թաթուլ Մանասերյանն ու վերլուծաբան Արամ Սաֆարյանը, այնուամենայնիվ, վստահ են` ԵՏՄ անդամակցությունը այլընտրանք չունի: Իսկ օգուտներին պետք է հասնել նաեւ սեփական տնտեսական քաղաքականության վերանայմամբ:

 

ԵՏՄ անդամ դառնալով հանդերձ` Հայաստանը տնտեսական շատ խնդիրներ այդպես էլ չկարողացավ հաղթահարել: Սակայն մեզ համար տարածաշրջանային մարտահրավերները որոշակիորեն մեղմվել են, և մենք ստացանք 30 տոկոս զեղչ գազի գների առումով, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանի դիտարկումն է:

Մասնագետը վստահ է, որ մեր երկիրն իր սպասելիքները ձեւակերպելուց առաջ նախ ինքը պետք է սեփական տնտեսության մեջ փոփոխությունների գնա: Մենք թանկ փողերի քաղաքականություն ենք վարում: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.25 է:

Հարեւան Վրաստանում, օրինակ, դա մոտ 4 տոկոս է: Բանկերի միջոցով գումարների տեղաբաշխումը պետք է շատ ավելի ցածր տոկոսադրույքով կատարվի: Սա նաեւ նոր Սահմանադրության պահանջն է: Այլապես այս պայմաններում տնտեսություն զարգացնել հնարավոր չէ, վստահ է Աշոտ Թավադյանը, ով իր մյուս դիտարկումներն այսպես է ձեւակերպում: «Փոխարժեքը կորցրել է զգայունությունը տնտեսության նկատմամբ: Դա մեզ համար մարտահրավեր է, որին պետք է պատրաստվենք դիմակայել»:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը վստահ է` Հայաստանը պետք է ապրանքների արտահանումն ապահովագրի փոխարժեքի տատանումներից, արտահանման եւ ՀՆԱ հարաբերակցությունը ներկա 15 տոկոսից պետք է հասցվի մինչեւ 30 տոկոսի: Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրի հիմնական անելիքներից է: Դրան պետք է հասնել տնտեսական օրենքների փորձաքննությամբ:

Վիճակագրությունը, սակայն, փաստում է, որ ԵՏՄ անդամակցության լավատեսական բոլոր սցենարներով հանդերձ, կրճատվեցին Հայաստանից արտահանումը, քաղաքացիների եկամուտը, էներգակիրների գները բարձրացան: Այս դիտարկմանն ի պատասխանը` պրոֆեսորը պատասխանում է, որ Հայաստանը կարող է եւ իրավունք ունի պահանջել գազի եւ էլեկտրաէներգիայի գների նվազեցում` անցում կատարելով ռուսական ռուբլով հաշվարկների: «Տարածաշրջանային դժվարությունները, որոնց առաջ կանգնեց նաեւ ՀՀ-ն, որոշակիորեն մեղմվել են ԵՏՄ անդամ դառնալու արդյունքում: Մենք պետք է սովորենք օգտվել այն փաստաթղթի առավելություններից, որի տակ ստորագրել են բոլորը»։

ԵՏՄ առաջին տարին՝ 2015 թվականը, լի էր փորձություններով: Սա կայացման դժվարին տարի էր, իր հերթին նկատում է պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ  Թաթուլ Մանասերյանը: Բայց ԵՏՄ-ն որքան էլ  կայացման փուլում է և խոցելի տեղեր ունի, այնուամենայնիվ, Մանասերյանը չի տեսնում այլընտրանք ոչ դրա գոյությանը` որպես տարածաշրջանային միության,  ոչ էլ Հայաստանի մասնակցությանը այս միությանը: Դրանից հրաժարվելը մեզ համար համար տնտեսական և քաղաքական առումով կլիներ ինքնասպանություն:

2016-ը Հայաստանին կտա հնարավորություններ միանգամից մի քանի ասպարեզներում` ՏՏ-ի, առողջապահության, շինարարության, գիտատար այլ ոլորտներում:  «Ազգային հստակ օրակարգ պետք է ձևավորենք»,-շեշտեց Մանասերյանը: «Հայաստանն այս դեպքում կարող է նաեւ բավականին լուրջ գործընկեր լինել` օգնելու շտկել իրավիճակը եւ առանձին երկրներում, եւ ընդհանրապես ԵՏՄ մեջ: Իհարկե, կան արժութային կայունության առումով խնդիրներ, որոնք մենք կարող ենք քննարկել: Բայց, իմ խորին համոզմամբ, Հայաստանը, շնորհիվ իր դրամավարկային խիստ հավասարաշկիռ քաղաքականության, 2015-ը փակեց որպես միակ երկիրը հետխորհրդային տարածքում, որտեղ փոխարժեքի տատանումների առումով ընդհանրապես ցնցումներ չեղան»:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը եւս կասկած չունի` Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ճիշտ քայլ էր: Սաֆարյանը Հայաստանի եկող տարվա անելիքներից առանձնացնում եւ շեշտում է Իրանի հետ գործակցությանը նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը: «2016-ին շարունակվելու են գլոբալ անապահովության միտումներ մեր տնտեսությունների մեջ առանց բացառությունների: Այս պայմաններում ընձեռվում է բացառիկ հնարավորություն` լրջորեն մտածելու մեր, եւ նախեւառաջ ՌԴ տնտեսությունն ինքնաբավության հողի վրա տեղափոխելու մասին»։

Back to top button