Մշակույթ

Ազգային պատկերասրահը նոր շենք կունենա

aidaavetisyan
Սովորաբար պետական և ոչ պետական կառույցները տարին ամփոփում են տարեվերջին, սակայն Հայաստանի ազգային պատկերասրահն իր արված և չարված գործերը լրագրողներին է ներկայացրել այսօր: Բանախոսները ներկայացրել են  2015 թվականին կազմակերպված հայ կերպարվեստը ներկայացնող  ցուցահանդեսներն ու  2016-ի անելիքները: Անդրադարձել են  նաև պատկերասրահի շենքային պայմաններին ու դրա լուծման հնարավոր տարբերակներին: 

 

2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում նախորդ տարիների հետ համեմատ այցելուների թիվն աճել է 12 տոկոսով՝ հասնելով մինչև 80 հազարի: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն այն կապում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և հոբելյանական մի շարք գրաֆիկական, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստը ներկայացնող ցուցահանդեսների կազմակերպմամբ: Պատկերասրահը ցուցահանդեսներ է  կազմակերպել նաև արտերկրում:

Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ՝ նախորդ տարի ցուցահանդես էր կազմակերպվել ոչ միայն պատկերասրահում, գեղանկարչի «Հայկական սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսն  ապրիլին ներկայացվել էր Լեհաստանում: Սփյուռքահայ արվեստագետներին ճանաչելի դարձնելու ուղղությամբ Ազգային պատկերասրահը ևս քայլեր  ձեռնարկում է: Այս տարի կբացվի սփյուռքահայ մեր հայրենակիցների գործերին նվիրված շարք: Նախորդ տարի կազմակերպվել է իրանահայ Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» նկարների  ցուցահանդեսը: Ամփոփելով պատկերասրահի արված գործերը՝ գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանն անդրադարձավ նաև պատկերասրահի ռեստավրացիոն աշխատանքներին: Միայն նախորդ տարի վերականգնվել է 260 թանգարանային առարկա:

Ակիմ Ավանեսովի «Դարից դար» ստեղծագործությունը, որը Դոնի Ռոստովից Մեծ Եղեռնին նվիրված ցուցահանդեսների շրջանակներում բերվել է Հայաստան,  վերանորոգվել է պատկերասրահում և վերադարձվել:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝ բանակցություններ են վարվում Ռուսաստանի Գրաբարյայի ինստիտուտի հետ՝ Հայաստանում մասնաճյուղ բացելու ուղղությամբ:

Խոսելով պատկերասրահից թանգարանային նմուշների գողության դեպքերի մասին՝ պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը նշեց, որ 164 թանգարանային առարկա է գողացվել պատկերասրահի ողջ պատմության ընթացքում: Եվ հիմնականում կորել են  ՀՀ տարածքում ցուցադրությունների ընթացքում: 2011 թվականին քանդակի պահոցից կորել են քանդակներ, որոնց վերաբերյալ ահազագել են իրավապահներին և դեռևս գործն ընթացքի մեջ է:

Իրավապատները այսօր քննում են մի քանի քրեական գործ եւս։ Թանգարանային նմուշների պահպանության համար էլ, ըստ տնօրենի, այս տարի կտեղադրվեն 120 տեսախցիկներ: 40 հազար ցուցանմուշ ունեցող պատկերասրահն այս տարի ամենայն հավանականությամբ կունենա նոր շենք, քանի որ  ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում նյութերի լիարժեք ներկայացման և պահպանության համար:

«Այս տարի երկրի ղեկավարությունը մտածում է  նոր շենք կառուցելու մասին»:

Իսկ  2017 թվականին էլ պատկերասրահը  նախատեսում է արտագնա և տեղական մեծ ցուցահանդես կազմակերպել Այվազովսկու 200-ամյակին նվիրված:

Back to top button