ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում

տեղադրված է ժամը 12։40- ին
լրացված է ժամը 17։19- ին

karenghazaryan

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 14-րդ նիստը: Նիստում քննարկվել են վերջին երկու տարում ատոմակայանում կատարված աշխատանքները, ատոմակայանի կյանքի տեւողության երկարացմանն ուղղված հարցեր: Նիստում ներկայացվել է նաեւ կարգավորող մարմնի՝ Ատոմպետհսկողության հաշվետվությունը:

Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Խորհրդի բոլոր անդամներին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ազգային ծրագրի իրականացմանն ուղղված մասնագիտական աջակցության համար: Հայաստանի նախագահը շեշտել է, որ Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով:

 

ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը կազմված է 8 երկիր ներկայացնող ճանաչված մասնագետներից: Խորհրդի նախագահ,  Գերմանիայի ներկայացուցիչ, Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության եւ դինամիկայի ամբիոնի ղեկավար Ադոլֆ Բիրկհոֆերը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայկական ատոմակայանն ունի բացարձակ անվտանգություն:

«Ասելով բացարձակ անվտանգություն՝ ես նկատի ունեմ, որ Հայկական ատոմակայանը նույն անվտանգությունն ունի, օժտված է նույն անվտանգությամբ, որով օժտված են նույն տեսակի ատոմակայանները եւ այդ անվտանգության մակարդակին Հայաստանը հասել է երկար տարիների ընթացքում»,- պարզաբանեց ՀՀ նախագահին կից ատոմային անվտանգության խորհրդի գերմանացի նախագահը:

Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին մանրամասնորեն խոսեց Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի՝ «Հայատոմ»-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ արդեն կա համաշխարհային փորձ եւ Հայաստանն օգտվելով այդ փորձից՝ Ատոմակայանի աշխատանքային կյանքը երկարացնելու է 10 տարով:

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման խնդրին ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 14-րդ նիստում ունեցած իր ելույթի ժամանակ անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շեշտել է, որ այդ ծրագիրը կիրականացվի երկու փուլով: «Առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի եւ բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը: Հուսով ենք, որ չնայած սեղմ ժամկետներին, ռուս փորձագետները, ավելի ակտիվորեն ներգրավելով հայ փորձագետների, պահանջվող ժամկետներում որակով կիրականացնեն աշխատանքի ամբողջ ծավալը»։

Նոր ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը, համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի հաստատման» վերաբերյալ որոշման, համաչափվում է գործող էներգաբլոկի շահագործումից հանման ժամկետի հետ: Այսպիսով, Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, եւ այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում, շեշտել է նախագահ Սարգսյանը:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը 10 տարով հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանը կարողանա կատարել նոր միջուկային էներգոբլոկի ընտրություն, լրագրողների հետ զրույցում փոխանցեց «Հայատոմ»-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։ «Մենք պետք է այնպես հաշվենք, որ տարիների ընթացքում պետք է վերանայվի նախ՝ ծրագիրը նոր միջուկային էներգոբլոկի կառուցման, քանի որ տարբեր երկրներ շուկա կմտնեն նոր միջուկային էներգոբլոկների առաջարկով եւ մենք պետք է կարողանանք ճիշտ ընտրել»։

Ընտրության հարցում էլ պետք է հաշվի առնվի դրանց կիրառման արդյունքները, այսինքն՝ Հայաստանը կսպասի մինչեւ տարբեր երկրների կողմից շուկային առաջարկված նոր բլոկների շահագործման փորձի արդյունքները տեսանելի լինեն:

 

Back to top button