ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահների ԼՂՀ- ից Ադրբեջան անցնելուց հնչել են կրակոցներ (լրացված)

տեղադրված է ժամը 16։26- ին
լրացված է ժամը 17։44- ին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր տարածաշրջանային այցով Արցախ այցելած ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շփման գծի Մարտակերտ-Թարթառ  հատվածով  անցել են ադրբեջանական տարածք։ Մինչ այդ նրանք հանդիպել են  ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:  ԵԱՀԿ ՄԽ  ռուս համանախագահ Իգոր Պոպովը լրագրողներին ասել է, որ խոսել են    Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման և  հումանիտար հարցերի մասին, այդ շարքում նաև   հայ և ադրբեջանցի հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպելու հնարավորության մասին։

 

ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը քննարկված թեմաներից առանձնացրել է  շփման գծում և սահմանում տիրող իրավիճակը։ «Այնուամենայնիվ , քննարկման գլխավոր հարցը եղել է շփման գծում, սահմանում տիրող իրավիճակը: Մեզ համար անընդունելի է , որ իրավիճակը սահմանում  լարվում է, ծանր զինատեսակներ, ականանետներ են  կիրառվում: Մենք կհանդիպենք և այդ խնդրի շուրջ քննարկումներ կունենանք նաև բանակի ներկայացուցիչների հետ»։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ զինադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ խոսել է նաև նախագահ  Սահակյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը և այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:

Բակո Սահակյանի խոսքով    առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման և նրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը։

Համանախագահները  այսօր հետկեսօրին հատել են շփման գիծը Մարտակերտ Թարթառ ուղղությամբ։  Դա տեղի է ունեցել   ԵԱՀԿ առաքելության կողմից  Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ։

«Իհարկե մենք կցանականայինք որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվեր, մեզ շատ անհանգստացնում է, երբ խախտումներ են լինում, հատկապես երբ ավելի ծանր զինատեսակներ՝ ականանետներ են օգտագործվում։ Մենք մտադիր ենք այդ հարցը բարձրացնել հակառակ կողմի հետ հանդիպումներում  և հուսով ենք, որ առաջընթաց կունենանք»,- շփման գիծը հատելուց առաջ  ասաց ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Ադրբեջանական կողմում համանախագահները համենայնդեպս քննարկելու թարմ նյութ կունեննան։ Երբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական  ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ նրանք բարեհաջող հատել են շփման գիծը։ Դիտարկման ավարտին ադրբեջանական կողմից  գնդակոծություն է եղել։Կրակել են ավտոմատ հրազենից:

Back to top button