«Հիշողության կերպարանքները».գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին


Հոկտեմբերի 27-ից 29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցկացվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովն անցնելու է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո: Նախագիծն էլ իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի՝ հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գիտաժողովի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից կպարգևատրվեն նախագծին մասնակից օտարերկրացի հյուրերը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի և Վրաստանի ձեռագրերի վերականգնողական առաջնակարգ կենտրոնների մասնագետները հավաքվել են մեկ հարկի տակ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովին: Նախորդ գիտաժողովները ձեռք են բերել մեծ ճանաչում՝ համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների: Ծրագրի համակարգող Արա Խզմալյանի խոսքով՝ սա փորձի փոխանակման համար լավագույն հնարավորությունն է:
«Տարիների ընթացքում «Հիշողության կերպարանքներ»-ի շրջանակում համագործակցել ենք ավելի քան 70 առաջնակարգ եվրոպական և ԱՊՀ երկրների գրադարանների, արխիվների, թանգարանների, վերականգնողական կենտրոնների հետ: Սա լավ ցուցանիշ է և այս նախաձեռնության կարևորությւնը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ սովորաբար ամեն սեմինարից հետո իրենց իսկ երկրներում կազմակերպում են սեմինարներ և իրենց աշխատակիցներին փոխանցում են այն գիտելիքները, որոնք ձեռք են բերել Մատենադարանում»:
Մարդկային հիշողության շտեմարան Մատենադարանում սրբորեն պահպանվում են ոչ միայն հայկական ձեռագրերը, այլև ցեղասպանության տարիներին փրկված արաբատառ ու օսմանական կրոնական այլ գրքեր: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի դիտարկմամբ՝ դրանով ցեղասպան ջարդարարներից փրկել ենք իրենց իսկ մշակույթը: Այժմ էլ Մատենադարանի վերականգնողական բաժնում իրականցվում է մեր ժառանգության խոշոր մաս կազմող մեծադիր ձեռագրերի և հատուկ նշանակություն ունեցող վավերագրերի վերականգնման ծրագիր: Ըստ Հրաչյա Թամրազյանի՝ մինչ այս ծրագիրը մեծադիր ձեռագրերը չէին վերականգնվում ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով, այլև պահանջում են մեծ ջանքեր: Մեծ չափսերի պատճառով՝ այդ ձեռագրերը նույնիսկ չեն թվայնացվել:
Հատուկ ուշադրություն է դարձվում քայքայված ձեռագրերին: Մոտ 3000 ձեռագիր հրատապ վերանորոգման կարիք ունի: Օտարազգի հյուրերը ձեռագրերի վերականգնման բաժնում կտեսնեն, թե ինչպես է փշուրներից հավաքվում և փրկվում մի մեծ ձեռագիր: Հայոց ցեղասպանության տարիներին փրկված արծաթակազմ ձեռագրերը 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնող գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն ու Մարգրեթ Յաշկեն պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարությանն «Ոսկե մեդալով»: Ռոբերտ Շտեհլեն Հայաստան չէր ժամանել, սակայն Յաշկեն հայաստանյան միջոցառման մասնակիցն էր և լրագրողների հետ ճեպազրույզում նշեց, որ իրենց կողմից մոտ 220 արծաթապատ ձեռագիր է վերականգնվել:
«Մեզ համար շատ հետաքրքիր էր նման գրքերի հետ աշխատելը, քանի որ աշխարհում որևէ տեղ նմանօրինակ կազմերով ձեռագրերի երբևէ չենք հանդիպել: Մեր կատարած աշխատանքների վերաբերյալ արդեն գիրք ենք տպագրել Գերմանիայում: Պատրաստվում ենք երկրորդ հատորի հրատարակությանը և պետք է աշխատենք այն թարգմանել այլ լեզուներով»:
Ձեռագրերին ցեղասպանությունից հետո նոր կյանք տվող վերականգնողական կենտրոնում կազմակերպվելու են նաև վարպետության դասեր, որոնք էլ գիտաժողովի կազմակերպիչների խոսքով, կհետաքրքրեն մեր մասնակիցներին: