Միջազգային

Անկարան Մոսկվայի դեմ բողոքել է միջազգային արբիտրաժում

Թուրքական գազի ներմուծող BOTAS ընկերությունը բողոքով դիմել է Միջազգային առեւտրային պալատի արբիտրաժային դատարան, երբ մեկ ամսվա բանակցություններից հետո Անկարան եւ Մոսկվան չեն կարողացել պայմանավորվել գազի գնի շուրջ, հայտնում է Բի Բի Սի- ն։

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին գազի գնի իջեցման մասին դեռ 2014- ին, երբ հայտարարվել էր «Թուրքական հոսքի» շինարարության որոշման մասին։ 2015- ի հունվարի 1- ին Թուրքիայի համար գազի գինը  պետք է իջներ 6 տոկոսով, սակայն Անկարան հետագայում փորձում  էր այն իջեցնել մինչեւ 15 տոկոս։

Փետրվարին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ իր երկրին հաջողվել է անհրաժեխ 28- 30 մլրդ մ3— ի համար 10,25% զեղչի հասնել։ Սակայն հավելյալ համաձայնագիրն այդպես էլ չէր ստորագրվել։

Մարտին կողմերը փորձեցին պայմանավորվել, սակայն զեղչ հաջողվել ստանալ միայն մասնավոր ընկերություններին, որոնք ներկրում են Թուրքիային անհրաժեշ ռուսական գազի մեկ երրորդը։ Արդյունքում՝ 2015- ի առաջին եռամյակում նրանց համար զեղչը կազմել էր 25%, իսկ երկրորդում՝ եւս 15%։

«Թուրքական հոսքը» եկել էր փոխարինելու «Հարավային հոսքին, որը սառեցվել էր Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Նախատեսվում էր, որ գազամուղը կանցնի Սեւ ծովի հատակով մինչեւ Թուրքիա, այնտեղից կշարունակվի մինչեւ Հունաստան։

Ռուսական եւ թուրքական կողմերը նախապես պայմանավորվել էին գազամուղը շահագործման հանձնել 2016- ի դեկտեմբերին, սակայն հետագայում ժամկետը հետձգվել էր։ Հոկտեմբերին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտնել էր, որ պետական այս կորպորացիան հրաժարվում է «Թուրքական հոսքի» հզորությունների կեսից։

Back to top button