Հասարակություն

Օծվեց Շվեդիայի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին

Հոկտեմբերի 24-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Շվեդիայի Սոդերթելիե քաղաքում հանդիսապետեց Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը:

Եկեղեցու վերակառուցումը, որն իրականացվել է համայնքի հավատացյալների հանգանակությամբ և բարերար հայորդիների նվիրատվությամբ, սկսվել էր 2014 թվականից:

Արարողությանը մասնակցում էին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, Սկանդինավիահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Սոդերթելիեի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նորայր քահանա Գանջումյանը և Դանիայի ու Նորվեգիայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը:

Եկեղեցու մուտքի մոտ աղ ու հացի ավանդական արարողությունից հետո, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, լուսարարապետ Սրբազանը, օրհնելով հավատացյալներին, եկեղեցական թափորով մուտք գործեց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:

Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Հովնան եպիսկոպոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի և եկեղեցու սյուների օծումը: Այնուհետև վերակառուցված եկեղեցին կոչվեց Ս. Մարիամ Աստվածածին անունով:

Արարողության ավարտին Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը Սոդերթելիեի վերանորոգված եկեղեցու օծման առիթով շնորհավորեցին հավատավոր ուխտավոր հայորդիներին:

Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի Թագավորության ռիկստագի (խորհրդարանի) փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքի անդամներ և ուխտավորներ:

Back to top button