ԿարևորՔաղաքական

Քառօրյայի մեկնարկը՝ նույնականացման քարտերով քվեարկելու հետ կապված մտահոգություններով

lusinevasilyan
Խորհրդարանն այսօր սկսել է  հերթական քառօրյայի աշխատանքը: Մեծ ու փոքր օրակարգերի հաստատումը կրկին ուղեկցվել է  ոչ օրակարգային  հարցերի քննարկմամբ: Նիկոլ Փաշինյանն, օրինակ,  անդրադարձել է Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալների հացադուլին և  առաջարկել խորհրդարանական լսումներ կազմակերպել: Պատգամավորն, ի դեպ, այցելել է, ցմահ դատապարտյալներին:

«Ասեմ, որ թյուր կարծիք կա, թե նրանք պահանջում են իրենց ազատ արձակել: Կոնցեպտուալ հարցն այլ է՝ արդյոք ցմահ դատապարտում նշանակում է դանդաղ մահապատիժ: Ես կարծում եմ, որ կան հարացադրումներ, որոնք ԱԺ-ում պետք է քննարկման առարկա դառնան լսումների ձևով»:

ԱԺ նախագահը խոստացել է  ուսումնասիրել խնդիրն ու պատասխանել պատգամավորին:

Իսկ ահա «Օրիանց երկիր» խմբակցության պատգամավորներն իրենց մտահոգություններն են հայտնել օրակարգային հարցերից մեկի՝ Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրեքնում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Այն հեղինակել են ՀՀԿ խմբակցության պատգամավորները, օրինագիծը հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով քննարկելու  որոշումն այսօր ընդունվել է  ձայների 82 կողմ, 18 դեմ 15 ձեռնպահ հարաբերակցությամբ:  Փոփոխություններով առաջարկվում է  ընտրությունների ժամանակ թույլատրել նույնականացման քարտերով քվեարկությունը:

Հեղինե Բիշարյանն  ասել է, թե նոր մեխնիզմը կրկնակի ստանդարտների կիրառում է նշանակում   և  ի սկզբանե կասկածի տակ է դնում հանրաքվեի արդյունքները. «Ստացվում է, որ անձնագիր ունեցողի համար պարտադիր է դրոշմակնիք դնելն  ու հասցեն ստուգելը, նույնականացման քարտ ունեցողի համար՝ ոչ: Սա անընդունելի է և ի սկզբանե կասկածի տակ է դնում հանրաքվեի արդյունքերը»:

Նախագծի հեղինակներից Հովհաննես Սահակյանը այս դիտարկմանը  չի համաձայնել: Նրա խոսքով՝ կրկնակի ստանդարտների կիրառում կլիներ նույնականացման քարտ ունեցողներին հանրաքվեին մասնակցելու հնարավորություն չտալը:

Ի դեպ, Հայաստանում նունյականացման քարտ ունի 558 հազար 401 քաղաքացի:

Նույնականացման քարտերով քվեարկությունը թույլատրող օրենսդրական փաթեթը քննարկվելու է այս քառօրյայի ընթացքում:

Back to top button