Հասարակություն

ՏԿԱԻՆ-ն ամփոփել է այս տարվա առաջին ինն ամիսները

hasmikdilanyan
Տևական ու աննախադեպ  շոգ ամառն այս տարի  առանձին տարածքներում հրդեհների  կտրուկ աճի պատճառ է դարձել: Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների   նախարարության  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր ամփոփել է այս տարվա առաջին ինն ամիսները: Հրդեհների, այսպես ասենք, առաջին հորիզոնականում  Կոտայքի մարզն  է, որտեղ  ինն ամսում ավելի շատ հրդեհ է գրանցվել, քան վերջին յոթ տարիներին միասին վերցրած: 911 ծառայությունը  զերծ չի մնացել  նաև կեղծ ահազնգերից: Ինն ամսվա ընթացքում 554 անգամ փրկարարները պարզել են, որ  ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

 

Հրդեհներ, ՃՏՊ-ներ, թունավորումներ, կայծակնահարում  և ոչ միայն: Մեր երկրում այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում 2833 ով ավելացել են արտակարգ պատահարները: Ամռան  աննախադեպ շոգ ամիսներով պայմանավորված այս տարի ավելացել են հրդեհները: Հրդեհների առաջին հորիզոնականում  Կոտայքի մարզն է, թե ինչու, հատկապես այս մարզը, պարզաբանում է  ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը.

«Շատ լավ գիտեք, որ մեծ մասը հասնգստանում են  հենց այս մարզի Աղվերան, Ծաղկաձոր, Արզնի վայրերում, քանի որ քաղաքից, երբ դուրս են գալիս, ամենամոտը հենց այս բնակավայրերն են: Դեպքերի քարտեզը եթե  ուսումնասիրեք, հրդեհները հենց այդ գոտիներիում են եղել: Այս տարի 900-ից անցել է հրդեհների թիվը, վերջին յոթ տարիներին Կոտայքում այնքան հրդեհ չէր գրանցվել, որքան այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում»:

Այս տարի ծանրությամբ առանձնացավ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում  հունիսի 13-ին գրանված հրդեհը, երբ ամբողջությամբ այրվեց եռահարկ բնակելի շենքն ու հարակից  առանձնատունը:  Հրդեհների հասցրած վնասը գումարային արտահայտությամբ կազմում է շուրջ 707 մլն դրամ:

«Սա բավականին լուրջ ցուցանիշ է, ինչը 405 մլն դրամով ավել է 2013-ից, և 92,8 մլն-ով ավել է 2014թ-ից»:

Ասել, թե որ մարզում են ամենաշատ պատահարները գրանցվել, դժվար է, խոստովանում  է   մասանագետը՝ միաժամանակ նկատելով՝ ավելի անհանգիստ են Շիրակը, Լոռին, Սյունիքը, Կոտայքը: Պատահարներով պայմանավորված՝  հարաբերականորեն ավելի հանգիստ  են Տավուշն ու Վայոց Ձորը:

Ի տարբերություն պատահարների,  այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում  նվազել են ուժեղ քամիները, կարկտահարության դեպքերը: 450-ից  ավելի հակակակրտային կայաններ են տեղադրվել: Ջրահեղձման թիվն  աճել է, զոհերի թիվը՝ նվազել: ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը  փաստում է ՝ այս տարի հատկապես թունավորումներն են նվազել: 911 ծառայությունը  զերծ չի մնացել  նաև կեղծ ահազնգերից:  Ինն ամսվա ընթացքում 554 անգամ փրկարարները պարզել են, որ  ահազանգը իրականությանը չի համապատասխանում:

Back to top button