Հասարակություն

Խաչիկցիների հույսը նոր սերունդն է

satikisahakyan
«Մենք դարպասապահ ենք, պահում ենք Նախիջևանի սահմանը»,- ասում են Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչները, նրանք, ովքեր ճակատագրի բերումով ծնվել ու ապրում են սահամանամերձ գյուղում: Սակայն  գյուղից հեռացողներ էլ կան, գնում են լավ ապրելու, տնտեսական պայմանները բարելավելու հույսով: Բարձր լեռնային կտրված բնակավայրում փակ դռներ շատ կան, միայնակ մնացած ծերեր՝ նույնպես: Բայց հույսը չի մեռնում, նոր սերունդը ցանկանում է ապրել ու պահել իր հնամյա գյուղը:

Խաչիկցին սիրում է իր բնակավայրը, ապրում ու արարում է  մեզնից շատ հեռու, գրեթե սարի գագաթին, քնում ու արթնանում՝  իր հոգսով:  Խաչիկցիներն իրենց դարպասապահ են  համարում,  քանի որ  հարավային մասով  պահպանում են  շուրջ 27 կմ ընդհանուր երկարությամբ  Նախիջևանի սահմանը:    80-ամյա Աղաբաբ  Աղաբաբյանը երբեք չի մտածել թողնել հարազատ գյուղը, թեպետ 3 կողմից  շրջապատված են ադրբեջանական գյուղերով:  Ամուսնացել է,  ստեղծել  ընտանիք, այժմ ապրում է որդու, հարսի և թոռների հետ, գյուղում էլ անցկացնում  իր ծերությունը: <<Իմ պապերն էլ էս գյուղում ապրել, մի ձեռքով արորի մաճն են պահել, մյուս ձեռքով՝ հրացանը>>, ասում է Աղաբաբ պապիկը:

Վայոց Ձորի մարզը Նախիջևանի հետ  ունի ընդհանուր  80կմ  600մ  երկարությամբ  սահման , սահմանամերձ   5 գյուղ՝  Խաչիկ, Խնձորուտ, Բարձրունի, Նոր Ազնաբերդ, Սերս: Այդ  համայնքներում  գյուղացիների հմնական զբաղմունքը,  ինչպես Հայաստանի բոլոր լեռնային բնակավայրերում,  անասնապահությունն է  և գյուղատնտեսությունը:  Խաչիկ  գյուղում  հոգսերը շատ են, լավ ապրելու ցանկությունը երիտասարդներին միշտ էլ ձգել է այլ բնակավայրեր, ոմանք գնացել են, ոմանք՝ մնացել: Աղաբաբ պապն ասում է, որ գյուղից հիմա էլ են հեռանում:

Սահմանամերձ գյուղում չկա  ոռոգման ջուր և  գազ:  Հիմնական վառելիքը աթարն է:

Նույնիսկ  գյուղից դուրս գալն  ու այլ բնակավայրեր տեղափոխվելը  հնարավորությունների  հետ է կապված:  Խաչիկից  արտագնա աշխատանքի մեկնում են նրանք, ում տանը չափահաս տղա կա, որպեսզի կնոջը մենակ չթողնեն հոգսերի հետ:  Տնային աշխատանքից  բացի կանայք  դաշտերից մասուր են հավաքում, մեկ կիլոգրամը 100 դրամով վաճառում վերավաճառողներին:

Խաչիկում 230 տնտեսությունից  ներկայում ապրում է 200-ը, սակայն չկա ընտանիք, որը մասնատված չլինի՝ ծնողները մնացել են գյուղում, զավակները՝ դուրս եկել: Աղաբաբ պապը ցավով է խոսում իր տարեց համագյուղացիների ճակատագրի մասին՝ 30-40 տնտեսությունում միայն 2 հոգի են ապրում, ծերերը:

Խաչիկցի երիտասարդների հիմնական աշխատատեղը սահմանի պահպանումն է,  շուրջ 70 տղամարդ պայմանագրային զինծառայող է: Այդ աշխատանքով , անասուններ պահելով, մասամբ էլ՝ հողագործությամբ  ստեղծում են իրենց ապրուստն ու փոքրիշատե հոգում կարիքները: Մարտիրոս Պողոսյանի ընտանիքում    9 պայմանագրային զինծառայող կա՝ որդիները, թոռները, փեսան:  Իր  ընտանիքից  ոչ ոք չի հեռացել, գնացողներին էլ չի մեղադրում՝ լավ օրից չէ, որ գնացել են: Գերդաստանի  հայրը իր համոզմունքներում անկոտորում է, նույնը հորդորել է որդիներին. «Ես մինչև վերջ ապրելու եմ իմ գյուղում, թուրքի առաջ պահողը ես եմ, պահելու եմ դարպասը, իմ տղաները՝ նույնպես»:

Նախիջևանի սահմանը համեմատաբար ավելի խաղաղ է,  կրակոցներ լինում են թշնամու զորքերի վարժանքների ժամանակ: Գյուղապետ Վարդան Ներսիսյանը հավաստիացրեց, որ դրանք ուղղված չեն գյուղին: Խաչիկցի երեխաներն արդեն սովորել են կրակոցներին, չեն վախենում: 15-ամյա Աղավնին ու իր հասակակիցները պատրաստ են պաշտպանելու հայրենի գյուղը:

Հասմիկն ու Արտաշեսը 11-րդ դասարանի միակ աշակերտներն են,  սիրում են իրենց գյուղը, լքել չեն ցանկանում: Հասմիկը որոշել է  մանկավարժ  դառնալ ու շարունակել կրթել իր գյուղի երեխաներին :  Ցույց  տալով  իրենց փողոցը նշում է, որ գրեթե մենակ են մնացել,  4 տուն անվերադարձ է գնացել՝  եթե մենք թողնենք գնանք, մեր զինվորները կթուլանան:

Հայաստանի ամենաբարձր գյուղերից  մեկում՝ Խաչիկում ապրող նոր սերունդը թերևս ցանկանում է մնալ ու պահել իր գյուղը, ապրել վաղվա օրվա   հավատով ու այն հույսով, որ գյուղից հեռացած խաչիկցիները մի օր տուն կվերադառնան, որ  բոլոր փակ դռների օջախներից  նորից  ծուխ դուրս կգա, իսկ դպրոցի աշակերտների թիվն էլ՝ կավելանա:

Back to top button