Հասարակություն

Թուրքիան խրախուսում է ադրբեջանական ագրեսիան.Գրիգորի Այվազյան

karenghazaryan
Մենք երաշխավորված չենք ադրբեջանական արկածախնդրություններից, քանի դեռ միջազգային հանրությունը Ադրբեջանին միանշանակորեն իր տեղը ցույց չի տալիս՝ համահարթեցնող հայտարարություններ անելու փոխարեն: Այս մասին այսօր շեշտել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճի մասին՝ նա նկատել է նաեւ, որ դա փոխպայմանավորված է տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ: Ըստ Գրիգորի Այվազյանի՝ վերջերս թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը խախտելը նույնպես միտումնավոր էր եւ Ադրբեջանին խրախուսելու նպատակ էր հետապնդում: Հետեւաբար, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի կարծիքով, հայկական կողմը պետք է համարժեք քայլեր ձեռնարկի ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական ճակատներում միաժամանակ:

 

Թուրքիան խրախուսում է ադրբեջանական ագրեսիան: Վերջինս էլ տեսնելով, որ իր լկտի պահվածքը համարժեք արձագանք չի գտնում միջազգային հանրության շրջանում դարձավ ավելի սանձարձակ՝ ասում է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը: Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ Ադրբեջանը կշարունակի փորձել Ղարաբաղի եւ Հայաստանի դիմադրողականությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել համարժեք այնպիսի հարված, որը կստիպի նրան հետ կանգնել իր արկածախնդրություններից:

Անդրադառնալով առաջիկայում Ադրբեջանում սպասվող միլիմեջլիսի ընտրություններին՝ Գրիգորի Այվազյանը զգուշացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածություններն այդ շրջանում կավելանան, քանի որ Իլհամ Ալիեւի դիկտատուրան ամրապնդելու համար՝ Ալիեւը դիմելու է ժողովրդի ուշադրությունը երկրում տիրող ահավոր ու խայտառակ վիճակից շեղելու եւ ազգային փոքրամասնությունների զարթոնքը ճնշելու միակ մեթոդին:

«Իր միակ հաղթաթուղթը Ղարաբաղի հարցի շահարկումն ու սահմանային իրավիճակի սրումն է:  Ադրբեջանում մարդու կյանքը բացարձակ արժեք չէ, այնպես որ, չնայած կարող են մեծ զոհեր արձանագրվել, բայց նրանք կշարունակեն նույն ոգով»:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի կարծիքով՝ հայկական կողմը պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի՝ հասցնելով այնպիսի ցավագին հարված, որն Ադրբեջանի համար զգալի լինի: Նրա գնահատմամբ՝ մինչ օրս մեր ղեկավարությանը նման բալանս պահպանելը հաջողվում է, սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտ են  ավելի խիստ գործողություններ:

«Առայժմ, կարծում եմ, որ Ադրբեջանի համար հայկական կողմից հարվածները, առավելապես դիվանագիտական դաշտում եւ ավելի քիչ՝ ռազմական դաշտում, այնքան ցավալի չեն, որ ինքը հետ կանգնի, գոնե, փոքր ժամանակահատվածում այդ դիրքային պատերազմի մարտավարությունից»:

Back to top button