Բժիշկների խորհուրդը. օստեոպորոզը կանխարգելել, քանի որ բուժումը շատ թանկ է


Օստեոպորոզի հայկական ասոցիացիան ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ այսօր կազմակերպել են օստեոպորոզի դեմ պայքարում մեր երկրի խնդիրներին և հաջողություններին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են Հայսատանի և արտերկրի առաջատար մասնագետներ:Կլոր սեղանի մասնակիցները շեշտը դրել են առողջ ապրելակերպի կարևորության վրա՝ անկախ տարիքային խմբից: Նրանք կոչ են արել ուշադրությունն ուղղել այն սննդի բաղադրիչների վրա, որոնք բարելավում են կմախքի ամբողջությունը՝ նվազեցնելով Հայաստանում օստեոպորոտիկ կոտրվածքները: Առողջ ապրելակերպին պետք է հետևել դպրոցներում, տանը, աշխատավայրում: Օստեոպորոզին նվիրված 4-րդ կլոր սեղանը տեղի է ունեցել ՀՀ առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Օստեոպորոզը մարդու ոսկրային համակարգի ամենատարածված հիվանդություններից է, որը խոշոր առողջապահական խնդիր է: Այն բնութագրվում է ոսկրերի ցածր խտությամբ, ոսկրային հյուսվածքի թուլացմամբ և դրա կառուցվածքի խախտմամբ, ոսկրերի ամրության իջեցմամբ և կոտրվածքների առաջացման հավանականության աճով:
Կոտրվածքները և դրանց բարդություններն օստեոպորոզի լուրջ կլինիկական հետևանքներն են: Առավել հաճախ կոտրվում է ողնաշարը, ազդրոսկրը և դաստակը: Մեծահասակ հիվանդների մոտ կոտրվածքների մեծ մասը տեղի են ունենում ոսկրերի ցածր խտության հետևանքով, նույնիսկ եթե վնասվածքը եղել է ոչ լուրջ:
Կմախքի առողջության համար կարևորագույն տարրեր են համարվում կալցիումը, վիտամին D-ն և սպիտակուցը: Ամբողջ աշխարհում վիտամին Դ-ի անբավարարության համաճարակից զերծ չի մնացել նաև Հայաստանը:
Օստեոպորոզի հայկական ասոցիացիան մշտապես աջակցել է հիվանդության կանխարգելման, ախտորոշման և բուժման հարցերում: 2007 թվականից սկսած ասոցիացիայի ջանքերով կազմակերպվել են բազմաթիվ ուսուցողական դասընթացներ բժիշկների համար: Այս տարի ևս կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և կոնֆերանսներ` ուղղված առողջ սննդի անհրաժեշտության մասին բժիշկների և հասարակության իրազեկության բարձրացմանը, նշեց Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը
Օստեոպորոզի բուժումը բավականին թանկ է ամբողջ աշխարհում և մասնագետները եկել են եզրակացության, որ շատ ավելի ճիշտ կլինի պրոֆիլակտիկ հետազոտությունն ու հիվանդության կանխարգելումը, քան՝ բուժումը, որը բավականին բարդ է: Ինչպես նշեց Երևանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ Իրինա Դանիելյանը, հիվանդության զարգացումը պայմանավորված է նաև բնակչության ծերացմամբ:
Հիվանդության կանխարգելման համար, ի դեպ, անհրաժեշտ են նաև համապատասխան սարքավորումներ: Եթե 2007 թվականին Հայաստանում կար ընդամենը 1 դենսիտոմետր, ապա ԱՄՆ Կոլումբիայի համալսարանական բժշկական քոլեջի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի ջանքերով՝ դրանց թիվը հասել է 7-ի: Դենսիտոմետրը սարք է, որը չափում է ոսկորների ամրությունն ու օգնում ախտորոշել օստեոպորոզը:2016 թ. սկզբին Հայաստան են բերելու 2 նոր դենսիտոմետր, հայտնեց Ջոն Բիլեզիկյանը:
Քանի որ կմախքը կազմավորվում է մանուկ հասակում, շատ կարևոր է օգտագործել առողջ սնունդ այդ տարիքից։ Ոսկրերի պարագայում առողջ սնուցման երեք բաղադրիչներից կալցիումը անհրաժեշտ է ոսկրի զանգվածի կուտակման համար: Պարունակվում է կաթնամթերքում, ձկնեղենում, կանաչեղենում, սալորաչրում և այլն: Վիտամին D- ն, ինչը ստանում ենք արևի ճառագայթներից և ձկնեղենից, նպաստում է կալցիումի ներծծմանը: