Ստեփանակերտում մեկնարկել է «Ճանաչենք մեր երկիրը» արշավը


Այսօր Ստեփանակերտից մեկնարկել է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված՝ «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական հայրենաճանաչողական արշավը, որին մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ՝ Արցախի երիտասարդական կազմակերպություններից, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից:
Քայլարշավին իրենց անմիջական մասնակցությունն են բերել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհրդի անդամներ:
Քայլարշավն անց է կացվել Մխիթարիշեն-Հունոտի կիրճ-Քարին տակ երթուղով: Ծրագրի մասնակից երիտասարդները ծանոթացել են տեղանքի պատմամշակութային վայրերին, արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին: Քարին տակ գյուղում արշավի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին: