Վերլուծական

Սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը շատ հարցականներ ունի

lenabadeyan

Սիրիական ճգնաժամին միջամտելու համար Ռուսաստանն ունեցել է իր ներքին՝ աշխարհաքաղաքական շարժառիթները: Դրանք այսօր բացահայտել է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ միաժամանակ անդրադառնալով, թե այդ միջամտությունն ինչ ազդեցություն է։

 

Մերձավոր Արեւելքում ծավալած իր գործողություններով որքանով է Ռուսաստանը հարվածի տակ դնում ռազմավարական գործընկեր համարվող Հայաստանին: Առաջին հայացքից զարգացումները հետեւյալն են. Սիրիական ճգնաժամին Ռուսաստանի միջամտությունից հետո «Իսլամական պետություն» խմբավորումը պատերազմ   հայտարարեց ԱՊՀ երկրներին, բացի այդ՝ Սիրիա ներխուժելով՝ Ռուսաստանը զգալիորեն թուլացրեց նաեւ Թուրքիայի դիրքերը:

Չմոռանանք, որ այդ պետության ռազմական երկու ինքնաթիռ վերջերս մի քանի րոպեով խախտել էր Հայաստանի օդային սահմանը: Ի դեպ՝ դա սահմանի այն կողմից է տեղի ունեցել, որը վերահսկում են հենց ռուս սահմանապահները: Արդյո՞ք սա որոշակի զգուշացում է, որն ուղղված է ոչ թե Հայաստանին, այլ՝ Ռուսաստանին:

«Ռաիդիոլուրն» այս հարցերը փորձել է պարզել արաբագետ Արմեն Պետրոսյանից: «Մինչեւ Ռուսաստանի ներգրավվածությունն էլ այս կառույցը պատերազմ էր հայտարարել մեր տարածաշրջանին: Հիմա պարզապես քարոզչական պատճառներով սկսեցին ավելի լայն խոսել: Բայց որքանով է այստեղ վտանգված ՀՀ-ն: Ուղղակիորեն վտանգ չկա, որովհետեւ այս կառույցները ԱՊՀ տարածաշրջանում իրենց գործողությունները կարող են իրականացնել միայն իրենց շարքերում գործող մուսուլման զինյալների կամ նրանց համակիների միջոցով: Իսկ Հայաստանից կամ ազգությամբ հայ որեւէ զինյալ չկա «Իսլամական պետության» շարքերում, երկրորդը՝ մենք չունենք մուսուլմանական բնակչություն: Իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ բաղադրիչին, այո, գուցե քաղաքական առումով Թուրքիան փորձի ի հակակշիռ Ռուսաստանի գործողությունների որոշակի քայլեր իրականացնել այն տարածաշրջաններում, որոնք համարվում են Ռուսաստանի ազդեցության գոտի: Բայց ես չեմ կարծում, որ քաղաքական կամ ինչ- որ մանեւրային շրջանակներից դուրս գան այս գործողությունները»:

Արաբագետը համոզված է, որ ռուսական միջամտությունից Հայաստանը նույնիսկ օգուտ ունի՝ ի դեմս սիրիահայերի անվտանգության երաշխիքի: Ի վերջո՝ շատերը հիմա էլ փորձում են հասկանալ, թե ինչու 4,5 տարի տեւող սիրիական ճգնաժամին հենց այս պահին որոշեց միջամտել Ռուսաստանը: Արմեն Պետրոսյանը կարծում է, որ հասկացել է այդ պետության աշխարհաքաղաքական դրդապատճառները:

«Ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծման շրջանում է եւ այստեղ Կրեմլի դիրքերը այնքան էլ ուժեղ չեն: Ահռելի նյութական միջոցներ ներդրեցին հակամարտության մեջ եւ ծրագրած մաքսիմումին չհասան: Սեփական հանրության եւ միջազգային հանրության որոշ ուժերի կողմից հնարավոր անդրադարձըշրջանցելու նպատակով Ռուսաստանը միանգամից մտավ Սիրիա»,- ասում է։

Իսկ այս քայլով արդեն Ռուսաստանը խառնեց այն բոլոր խաղաքարտերն ու ծրագրերը, որոնք կային, ասում է արաբագետը: Այսօր արդեն Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը ողջունում են Իրանը, Չինաստանը, Հորդանանը: Այսինքն՝ արեւմտյան կոալիցիոն ուժերին զուգահեռ ստեղծվում է մի նոր՝ առայժմ չձեւակերպված համագործակցություն, ինչին Արեւմուտքը զարմանալիորեն հանգիստ է վերաբերվում:

«Սիրիայի հետ կապված Արեւմուտքը բավականին լուրջ խնդիրներ ուներ, որովհետեւ միայն օդային հարվածներով չեն հանգեցնի այս հակամարտության հանգուցալուծմանը: Ի տարբերություն Ռուսաստանի, որը համագործակցում է Սիրիայի բանակային ստորաբաժանումների հետ, Արեւմուտքը չունի նման լուրջ գործընկեր Սիրիայի տարածքում: Նրանց կոչած «չափավոր ընդդիմություն» կոչվածը Սիրիայի տարածք մտնելով միանգամից հանձնվում է ծայրահեղական կառույցներին: Հետեւաբար՝ Արեւմուտքը հասկանում էր, որ նման կերպ շարունակելով իրենք չեն կարող լուրջ արդյունքներ արձանագրել: Եվ նրանց, այս տեսանկյունից ելնելով, ձեռնտու էր Ռուսաստանի միջամտությունը»։

Արաբագետի ներկայացմամբ՝ այս քայլերով Ռուսաստանն իր համար ապահովել է որոշակի քաղաքական գործոն միջազգային բանակցությունների դաշտում: Բայց Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ամեն դեպքում իրավիճակը Սիրիայում դեռ շատ հարցականներ ունի, որոնք դեռ թույլ չեն տալիս հասկանալու, թե ինչպես է լուծվելու սիրիական ճգնաժամը:

Back to top button