Միջազգային

Ռուսաստանը ցանկանում է հաշվի առնել նաեւ սիրիական ընդդիմության շահերը, ասում է Լավրովը

Ռուսաստանը ցանկանում է հաշվի առնել ոչ միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կամ ընդդիմության շահերը, այլ ողջ Սիրիայի, ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք ցանկանում հաշվի առնել  միայն Բաշար Ասադի շահերը, կամ կոնկրետ միայն ընդդիմության շահերը։ Մենք ցանկանում ենք հառվի առնել Սիրիայի շահերը։ Իսկ Սիրիայի համար կարեւոր է, որպեսզի որքան հնարավոր է շուտ լինի խաղաղ վիճակ, ավարտվի պատերազմը եւ որպեսզի ահաբեկիչները հնարավորություն չունենան զավթել իշխանությունը Դամասկոսում, ինչպես նաեւ Սիրիայի ցանկացած այլ վայրում»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նախարարը չի մեկնաբանել Սիրիայի նախագահի Մոսկվա այցի կազմակերպման մանրամասները։ «Ես մանրամասների մեջ չեմ մտնի։ Գլխավորը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժամանեց Մոսկվա, բանակցություններ անցկացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ բարեհաջող վերադարձավ տուն»,- ասել է Լավրովը։

 

 

Back to top button