Ամենազավեշտալիից մինչեւ ամենածանր. 911-ին ահազանգերը բազմապատիկ ավելացել են


Ամենազավեշտալիից մինչեւ ամենածանր, բոլոր այս դեպքերում ահազանգերը 911 փրկարար ծառայությանն ավելացել են: Վերջին 10 տարվա ընթացքում արտակարգ պատահարներն առանձին դասերով եռապատկվել են, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձանագրել է ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը: Հովհաննես Խանգելդյանը հիշել է նաեւ մի շարք արտառոց դեպքեր, որոնց դեպքում ահազանգերն «ամենաբարին» են եղել:
911 ծառայությունը գերբեռնված է աշխատում: Այստեղ զանգերը բաժանում են ըստ սեզոնայնության` ձմեռ-գարուն եւ ամառ-աշուն կտրվածքով: Ձմռանը եւ ուշ աշնանը` տրանսպորտային միջոցների արգելափակում, մերկասառույց, վաղ գարնանը` ուժեղ քամիներ, ամռանը` հրդեհներ, ՃՏՊ-ներ, թունավորումներ, օձեր, կարիճներ, աշնանը` վաղ ցրտահարություն, անսպասելի կենցաղային խնդիրներ` խողովակների պայթել եւ այլն:
Փրկարար ծառայությունում պարբերաբար ստացվում են զանգեր, որոնց մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը ժպիտով է պատմում: Ահազանգ` բնակարանում այլմոլորակայինի հայտնվելու մասին, կանչ` պարանից լվացքը հավաքելուն օգնելու խնդրանքով, ու կանչեր երեխաների կողմից` ծնողների հեռախոսով խաղացող երեխաների: «Քաղաքացին մեկ շաբաթ դիմել էր բոլոր հնարավոր տեղերը, մինչեւ փրկարարները գնացին հատ-հատ պարանին փաթաթված լվացքն իջեցրին: Երեխաներ են զանգում շատ տարօրինակ խնդրանքներով: Օպերատորները շատ հաճախ լսում են գդալի ձայնը, երբ երեխան եւ հաց է ուտում եւ խաղում ծնողների հեռախոսով: Նոր տարուն խոզի բուդը մոռացել էին թոնրում, իսկ մեզ հրդեհի ահազանգ էին տվել` հանելու վառվող բուդը: Լինում են դեպքեր, երբ անսպասելի միջատ է հայտնվում տանը, ու մեզ այլմոլորակայինի հայտնվելու ահազանգ են տալիս»:
Բայց փրկարարներին աշխատանքի բերումով բաժին ընկնող «ուրախ» առիթները քիչ են: Արտակարգ դեպքերում, պատահարների ժամանակ գերճշգրիտ, գերարագ, գերհոգատար մոտեցում է պահանջվում:
Փրկարարների աշխատանքում մի ամբողջ «էջ» բաժին է ընկնում կենդանիներին առնչվող դեպքերին` վայրի կամ ընտանի: Կատաղած շուն, ծառին բարձրացած անօգնական կատու, գյուղում անսպասելի հայտնված արջ, քաղցած գայլերի ոհմակի հարձակում: Բոլոր դեպքերում արդեն առաջին հերթին 911-ն են հիշում:
Եղանակային գլոբալ փոփոխություններն այլ երեւույթներին գումարվելով՝ կտրուկ ավելացրել են արտակարգ դեպքերի թիվը. վիճակագրությունն է փաստում: Տարեցտարի նկատվում է պատահարների լուրջ աճ ամեն ուղղությամբ` եւ հրդեհներ, եւ ՃՏՊ-ներ, եւ եղանակային անոմալ երեւույթներ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը վերջին 10 տարվա վիճակագրությունն է ամփոփում:
Դեպքերը բազմապատիկ են ավելացել: «2003-ին եթե ունեինք մոտ 1400 դեպք-պատահար, ապա այս տարվա միայն 9 ամիսներին արդեն 12 հազար դեպք է գրանցվել: Առանձին դասերում 10 տարվա ընթացքում դեպքերը եռապատկվել են, օրինակ` ՃՏՊ-ների մասով»,- ասում է հանրապետության գլխավոր փրկարարը։