

տեղադրվել է ժամը 14։41- ին
լրացվել է ժամը 17։ 05- ին
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չպաշտպանող ուժերին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հորդորում է «Ոչ»-ի քարոզչությունը կառուցել մարդու իրավունքներին առնչվող գլուխներից դուրս: Դրանցում օմբուդսմենը մտահոգիչ կետեր թեև տեսնում է, բայց դրականն ավելի շատ է համարում: Սահմանադրական փոփոխությունների ՝ իրավունքներին վերաբերող դրույթներն այսօր քննարկվել են օմբուդսմենի գրասենյակի կողմից հրավիրված խորհրդաժողովի ընթացքում: Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղարը:
Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին կկարողնան դիմել ոչ միայն պետական‚ այլև մասնավոր կառույցների կողմից իրավունքների խախտման դեպքում: Սա նշանակում է‚ որ, ի տարբերություն գործող Սահմանադրության‚ Պաշտպանը կկարողանա պաշտպանել քաղաքացիներին, օրինակ, հանրային ծառայություններ մատուցող այն մասնավոր ընկերություններից‚ որոնք որևէ կերպ կոտնահարեն անձանց իրավունքները:
Սահմանադրական փոփոխությունները մշակած մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևոգ Դանիելյանը կարծում է, որ սա կդժվարացնի օմբուդսմենի գործը, բայց կարևոր կլինի իրավունքերի պաշտպանության համար:
Սա այն փոփոխություններից է, որը վերաբերում է օմբուդսմենին և որը Կարեն Անդրեասյանը դրական է գնահատում: Բացասական համարում է այն, որ կրճատվում է Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկվող դրույթների շրջանակը: Նկատենք, որ նախագծով օմբուդսմենին լիազորություն է տրվել Սահմանադրական դատարանում վիճարկել բացառապես Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իրավունքներին առնչվող խնդիրները:
Կարեն Անդրեասյանը մտահոգություններ ունի անմեղության կանխավարկածին, խտրականության բացառմանն առնչվող դրույթների վերաբերյալ նույնպես, բայց ընդհանուր առմամբ համոզված է, որ նախագծում դրական փոփոխություններն ավելի շատ են: Այս առումով խորհուրդ ունի «Ոչ»-ի ճամբարին, «Եթե կա ցանկություն հասարակությանը կողմնորոշելու դեպի Սահմանադրության մերժում, ապա փաստարկները պետք է կենտրոնացնել 2-րդ, 3-րդ, 7-րդ և 10-րդ գլուխներից դուրս»: Որովհետև այս բաժիններում թեև մտահոգիչ կետեր կան, բայց դրական փոփոխություններն ավելի շատ են, կարծում է օմբուդսմենը:
Նաև վստահեցնում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանը չի լինելու ոչ «Ոչ»-ի, ոչ էլ «Այո»-ի ճամբարներում, այլ լինելու է դիտորդ ու պաշտպան, որը և իր առաքելությունն է»։ Իր այս ելույթը Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ընթացքում հնչածներից ամենաքաղաքականը համարեց:
Ի դեպ՝ նա լուրջ վերապահում ունի նաև «քաղաքական զսպվածություն» եզրույթի վերաբերյալ, որը նախագծով առաջադրվում է օմբուդսմենին հրապարակային ելույթների ժամանակ: Անդրեասյանի առաջարկը՝ զսպվածության փոխարեն կիրառել «չեզոքություն» եզրույթը, մասնագիտական հանձնաժողովը չի ընդունվել: Ընդհանրապես, օմբուդսմենը կարծում է, իր առաջարկները պատշաճ արձագանքի չեն արժանացել:
Չենք պատասխանել, բայց չենք էլ անտեսել՝ այսպես արձագանքեց մասնագիտական հանձնաժողովի անդամը օմբուդսմների դիտողությանը:
Հավելեմ, որ Պաշտպանի գրասենյակի կողմից այսօր կազմակերպված խորհրդաժողովին մասնակցում էին ոչ միայն հայ իրավապաշտպանները, այլ նաև Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը, ԵԱՀԿ և ԵՄ երևանյան գրասենյակների ղեկավարները, նաև Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղարը:
Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, մասնավորապես, լրագրողների հետ զրույցի ընթացքում տեղին չհամարեց նախագիծն այս կամ այն կերպ գնահատելը, ասաց միայն, որ հետևում են գործընթացին և կարևորում այն հանգամանքը, թե որքանով են հավասար փոփոխությունները պաշտպանող և մերժող կողմերի հնարավորություններ իրենց ձայնը տեղ հասցնելու հարցում: