Մարդու իրավունքների բաժնում բարելավում կա. օմբուդսմեն


Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չպաշտպանող ուժերին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հորդորում է «Ոչ»-ի քարոզչությունը կենտրոնացնել նախագծի 2-րդ, 3-րդ, 7-րդ և 10-րդ գլուխներից դուրս: Սրանք մարդու իրավունքներին անմիջապես առնչվող բաժիններն են, որտեղ, օմբուդսմենը մտահոգիչ կետեր թեև տեսնում է, բայց դրական փոփոխություններն ավելի նկատելի է համարում:
Պաշտպանն այսօր խոսել է նաև նախագծի մտահոգիչ դրույթների մասին: Ըստ նրա՝ խնդրահարույց են անմեղության կանխավարկածին, խտրականության բացառմանը վերաբերող դրույթները, նաև այն, որ կրճատվում է Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկվող դրույթների շրջանակը:
Կարեն Անդրեասյանը լուրջ վերապահում ունի նաև «քաղաքական զսպվածություն» եզրույթի վերաբերյալ, որը նախագծով առաջադրվում է օմբուդսմենին հրապարակային ելույթների ժամանակ: Նրա առաջարկը՝ զսպվածության փոխարեն կիրառել «չեզոքություն» եզրույթը, մասնագիտական հանձնաժողովը չի ընդունվել:
Այս դիտարկումները հնչել են «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» խորհրդաժողովի ժամանակ, որն այսօր հրավիրվել է օմբուդսմենի գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցել են Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը, ԵԱՀԿ և ԵՄ երևանյան գրասենյակների ղեկավարները, նաև Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղարը: