Հասարակություն

Հայ երեխաները Թբիլիսիում. երկու ժողովուրդների սերտ պատմությունը, որն անհնար է բաժանել

gitaelibekyan

Համագործակցություն Երևանի ու Թբիլիսիի դպրոցների միջև. այս օրերին Երևանի  «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սաներ Թբիլիսիում ծանոթանում են վրացի իրենց հասակակիցների հետ, մասնակցում  վրացերեն լեզվի ու  պատմության դասընթացներին, ինչպես նաև ծանոթանում քաղաքին: Կրթահամալիրն  արդեն վեց տարի  համագործակցում է վրացական դպրոցների հետ, աշակերտներին ուսուցանում  վրացերեն, այնուհետև  հնարավորություն տալիս լինել նաև  Վրաստանում:

 

Մանե Մովսեսյանը Երևանի  «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում  նոր է սկսել ուսանել վրացերեն: Ասում է` որպես օտար լեզու վրացերենն է ընտրել, քանի որ Հայաստանի հարևան ու բարեկամ երկիրն է Վրաստանը: Նա վրացի  իր հասակակցի ընտանիքում է ապրում, փորձում շփվել վրացերենով ու նաև ծանոթանալ վրացական  կենցաղին։ «Շատ նմանություններ ունենք, բայց տարբերություններն էլ քիչ չեն»,- ասում է:

Նմանությունները նույնիսկ այբուբենում են, ասում է Թբիլիսիի թիվ 37 միջնակարգ դպրոցի վրացերեն լեզվի ուսուցչուհի Իա  Սեխնիաշվիլին։ «Մենք այսօր  ուսումնասիրեցինք վրացական այբուբենը՝ Նուսխուր-Խուցուրի այբուբենը, որը վրացիներն օգտագործել են 9-11-րդ դարերում, շատ  նման է հայկական  այբուբենին»:

Հայ և վրացի աշակերտների համար նախատեսված Վրացական պատմության դասընթացը  նվիրված է եղել  վրացի թագավոր Վախթանգ Գորգասալիի  ժամանակաշրջանին: Ինչպես պատմության ուսուցչուհի  Ելենա Կոխրեիձեն նշեց, ընտրվել է հենց այդ շրջանը, քանի որ այն կապված է հայ-վրացական հարաբերությունների հետ։

«Վրացական գրականության մեզ հասած ամենահին նմուշը  Սուրբ Շուշանիկ թագուհու նահատակությունն է:  Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը` Շուշանիկը, չարչարանքների  է ենթարկվում, սակայն կրոնափոխ չի լինում: Նրա գերեզմանը գտնվում է Մետեխի եկեղեցում, իսկ կողքին մայրաքաղաքի հիմնադիր Վախթանգ Գորգասալիի հուշարձանն է:  Կարծես ամեն ինչ փոխկապակցված է,  որովհետև մենք քրիստոնեության համար միասին պայքարել ենք ընդհանուր թշնամու դեմ»,- ասում է պատմության ուսուցչուհին։

Նրա ուղեկցությամբ  Հայաստանից ժամանած դպորցականները եղել են հայ գրողների պանթեոնում, տեսել հայկական  եկեղեցիները, ծանոթացել հինավուրց  քաղաքի բազմազանությանը։ «Ես կուզեմ, որ նրանց  հիշողություններում Վրաստանը մնա  որպես բարի ու  ջերմ երկիր: Քաղաքական ասպարեզում կարող են խոսել այնպես, ինչպես ձեռնտու է, սակայն այս երեխաները պետք է ունենան իրենց տպավորություններն ու իմանան պատմությունը. երկու ժողովուրդների  պատմությունը այնպես սերտորեն  է կապված, որ անհնար է այն բաժանել»:

Ծրագի շրջանակներում նախատեսվում է նաև Թբիլիսիի թիվ 37 միջնակարգ դպրոցի աշակերտների այցը Հայաստան:

Back to top button