Մշակույթ

«Թանգարանների եւ թանգարանային ֆոնդի» օրենքում փոփոխություններն անհրաժեշտ են

lenabadeyan
Հայաստանի թանգարաններն ու թանգարանային ֆոնդն այսօր ունեն խնդիրներ, որոնց լուծման համար փոփոխություններ եւ լրացումներ պետք է արվեն ինչպես «Թանգարանների եւ թանգարանային ֆոնդի», այնպես էլ «Վարչական իավախախտումների վերաբերյալ» օրենքներում: Փոփոխություններն արվելու են փաթեթային սկզբունքով, նախագիծը դեռեւս լիագումար նիստի օրակարգում չէ: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական լսումներ էր կազմակերպել շահագրգիռ կողմերի կարծիքները  լսելու եւ նախագիծը լիակատար դարձնելու առաջարկների համար: Հատկանշական է, որ խորհրդարանական լսումները կազմակերպվել էին ոչ թե Աժ -ում, այլ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Քննարկված հարցերից մեկն էլ առնչվում էր խնդրին, թե ինչպես կանխել արժեքավոր նմուշների արտահանումը Հայաստանից: Ի դեպ՝ արդեն 11–րդ տարի է, ինչ Հայաստանը միացել է «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային: Եթե առաջին տարին 5 թանգարան էր ընդամենը մասնակցում, ապա այս տարի շուրջ 180 հազար այցելուի առջեւ իր դեռները բացել է 111 թանգարան: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այս ակցիային մասնակում է 3-րդ անգամ:

 

Հարուստ պատմություն ունեցող Հայաստանը, բնական է, որ պետք է ունենար արժեքավոր նմուշների եւ իրերի ոչ թե պահպանության, այլ առաջին հերթին պաշտպանության խնդիր: Պատերազմական տարիներին այդ խնդիրը շատ սուր է եղել Արցախում, այսօր արդեն նմուշների անվերահսկելի եւ ազատ վաճառք է իրականացվում, օրինակ՝ Վերնիսաժում: Թանգարանային գործին լավատեղյակ մասնագետները գանձագողության փաստերի եւ այլ խնդիրների մասին այսօր բարձրաձայնում էին խորհրդարանական լսումների ժամանակ:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը առանց որեւէ փաստեր մեջբերելու պազապես վստահեցնում է՝ ոստիկանությունում հատուկ ստորաբաժանում աշխատում եւ փորձում է կանխել արժեքավոր իրերի երկրից դուրս բերումը:  Ինչ վերաբերում է Արցախում թանգարանային նմուշների պահպանությանը, ապա վկայակոչում է միջազգային նորմերը, որոնց Հայաստանը ենթարկվում է՝ ի տարբերություն հարեւան պետության:

Թանգարանների գլխին կախված մեկ այլ «դամոկլյան սուրն» էլ համարվում է շենքի տեղակայումը: Ճիշտ է, օրենքը նշում է, որ թանգարանների շինությունները կարող են օտարվել բացառիկ դեպքերում, բայց դրանով թանգարաններն ապահովագրված չեն կամայականություններից, համոզված է պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Մերօրյա ժամանակներում լինում են դեպքեր, երբ նույնիսկ արգելոց-թանգարանների տարածքներից են հողհատկացումներ անում ինչ-ինչ բացառիկ դեպքերի համար: Այս մտավախությունն էլ հնչեցրեց Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ միաժամանակ մշակույթի փոխնախարարին առաջարկելով Աժ-ով ներկայացվելիք օրինագծում հստակ փոփոխություններ մտցնել:

Սրանք այն լուրջ եւ աղմկահարույց խնդիրներն են, որոնք դեռ հստակ լուծում չեն ստացել: Ինչ վերաբերում է թանգարաններին վերաբերող ընդհանուր խնդիրներին, ապա դրանցից առաջինը տարածքների խնդիրն է: Այսօր Հայաստանում գործում է 123 թանգարան, միայն Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող հավաքածուների առարկաների թիվը 1 միլիոն 845 հազար 551 է , բայց անհրաժեշտ տարածքների բացակայության պատճառով Ֆոնդերի ընդամենը 3,3 տոկոսն է ցուցադրվում հանրությանը: Որպես լուծման տարբերակ թանգարաններն այսօր դիմում են օրինակ՝ վիրտուալ ցուցադրությունների տարբերակին՝ ինտերնետի օգնությամբ:

Back to top button