Միջազգային

Բաքվում 42 իսլամիստ արմատականներ են ձերբակալվել

Բաքվի Յասամալի շրջանում երեկ գիշեր անցկացված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում հատուկ ծառայությունների աշխատակիցները կալանավորել են 42 մարդու, որոնք կասկածվում են իսլամիստ արմատականների հետ կապերի մեջ, ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Յասամալի շրջանի ոստիկանության վարչությունը:

Հատուկ ծառայության աշխատակիցները ներխուժել են Բաքվի թեյարան, որտեղ իսլամիստները կրոնական բնույթի միջոցառում են անցկացրել: Կալանավորվածներից մի քանիսի նկատմամբ «կրոնական արարողությունների պատրվակով անչափահասների ներգրավմամբ քաղաքացիների իրավունքների դեմ ոտնձգություն» հոդվածով քրեական գործեր են հարուցվել:

Ենթադրվում է, որ կալանվածները կարող են կապեր ունենալ Սիրիայի եւ Իրաքի տարածքում ռազմական գործողություններին մասնակից վարձու մոջահեդների հետ: Ադրբեջանական ԶԼՄ- ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում  ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ:

Back to top button