Հասարակություն

Ագրարային համալսարանը նշում է իր 85- ամյակը

sonahakobyan

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տոնում է հիմնադրման 85- ամյակը: Բուհին շնորհավորելու նպատակով այսօր ագրարային համալսարան է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Շրջելով բուհում` նախագահը մասնակցել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի բացմանը: Նա եղել է նաև Շախմատի թանգարանում, որը համալսարանում գործում է դեռևս 2001 թվականից: Նախագահի շրջայցին հաջորդել է տոնական գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվել է բուհի հարուստ կենսագրությունը, ձեռքբերումներն ու զարգացման նոր հեռանկարները: 

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության պետական միակ բուհն է, որը պատրաստում է բարձրորակ մասնագետներ ագրոկենսաբանական, անասնաբուժական, սննդամթերքիտեխնոլոգիաների, ագրոճարտարագիտական և ագրոպարենային համակարգի տնտեսագիտական ուղղություններով: Այսօր ավելի քան 65.000 շրջանավարտներ իրենց ավանդն ունեն գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, մեքենայացման, ջրատեխնիկական շինարարության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում:

Համալսարանն այսօր տոնում է հիմնադրման 85- ամյակը: Բուհում այժմ 37 մասնագիտությունների գծով սովորում է շուրջ 10.000 ուսանող առկա և հեռակա համակարգերի բակալավրիատում և մագիստրատուրայում, ուսումնահետազոտական աշխատանքներ է կատարում ավելի քան 200 ասպիրանտ: Հոբելյանական միջոցառումները ևս մեկ հնարավորություն են հետադարձ հայացքով գնահատելու անցած տարիները և ձեռքբերումները, ինչպես նաև մատնանշելու խնդիրները և դրանց լուծումները, անդրադառնալով հոբելյանական միջոցառումներին՝ նշեց բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

Համալսարանում հետևողական աշխատանքներ են տարվում նաև լաբորատոր բազայի նորացման ուղղությամբ: Վերջին 5 տարիներին ստեղծվել է 6 ուսումնահետազոտական մասնագիտացված լաբորատորիա: Համալսարանի հիմնադրման 85- ամյակին նվիրված միջոցառումները նշանավորվեցին ևս մեկ՝ կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի բացմամբ: Լաբորատորիան հագեցված է ժամանակակից սարքավորումներով: Այստեղ իրականացվում են Հայաստանում բուծվող գյուղատնտեսական կենդանիների արժեքավոր ցեղերի և մշակաբույսերի տարբեր սորտերի ու դրանց վայրի ազգակիցների, ինչպես նաև անհետացման եզրին գտնվող էնդեմիկ տեսակների գենոտիպերի ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով սկիզբ դնել գենետիկական բանկերի ստեղծմանը:

Լաբորատորին թույլ է տալիս նաև սննդամթերքում ախտորոշել հիվանդածին բակտերիաները, վիտամիններն ու տոքսինները, հակաբիոտիկները, սպիտակուցային մնացորդները և սննդային ալերգենները միջազգային չափանիշերին համապատասխան, նշեց լաբորատորիայի  սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ Աստղիկ Փեփոյանը:

Շնորհավորելով բուհին 85- ամյա հոբելյանի առթիվ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ ագրարային համալսարանն իսկապես յուրահատուկ հաստատություն է մեր կրթական համակարգում:

Նշենք, որ Ագրարային համալսարանի մասնաճյուղեր կան նաև Վանաձորում, Սիսիանում և Ստեփանակերտում:

Back to top button