Տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունն այսուհետ ապահովվում է նաեւ ՍԴ որոշմամբ


Սահմանադրական դատարանը բավարարել է «Հրապարակ» և «Ի լուր» լրատվամիջոցների հայցը՝ ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պարտադրող մասի սահմանադրականությունը վիճարկող հայցը։ ՍԴ որոշումն այսօր քննարկման թեմա է դարձել «Մեդիա» կենտրոնում:
ՍԴ- վճռով պաշտպանվեց ԶԼՄ- ների տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը: Ըստ իրապաշտպան Արտակ Զեյնալյանի՝ ՍԴ-ում իր ներկայացրած փաստարկները հիմնված էին միջազգային իրավունքի սկզբունքի ու ՄԻԵԴ նախադեպերի ու, իր խոսքով, մարդկային պարզ տրամաբանության վրա:
Որոշումը ցույց տվեց, որ անկախությունից ի վեր իրավապահ մարմինները անօրինական են գործել, կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ նկատելով. «Հաճախ ԶԼՄ- ները ինքնուրույն են պայքարում : ՍԴ որոշումը շատ կարևոր է։ Նման կոնֆլիկներ շատ էին լինում»։
Որոշումը, ըստ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի մեծ աջակցություն է լրագրողներին, քանի որ նման գործերը մեծ ջանքեր, նյարդեր ու ռեսուրսներ էին խլում ԶԼՄ- ներից: «Այն երեք ատյանները, որ մեր դեմ վճիռ են կայացրել, պետք է ամաչեն մեր երեսին նայելուց»,- ասում է խմբագիրը։
Մյուս կողմից սա մամուլի հաղթանակն է, քանի որ շատ հաճախ անարդարացիորեն պարտվում էինք ու այս որոշումից հետո պետք է հետևություններ անեն իրավապահները, ասաց Արմիներ Օհանյանը:
Արտակ Զեյնալյանը բարձրացրեց արդարացի փոխհատուցման հարցը։ Վնասի փոխհատուցման դեպքում ԱԺ- ն ուշադիր կլինի օրենք գրելուց առաջ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն էլ հիշեցրեց, որ աղբյուրը պետք է բացահայտել, երբ խոսք է գնում ծանր հանցագործությունների բացահայտման մասին , և երբ սպառված են մյուս բոլոր միջոցները: