Շուկայում բարձր արժեք ունեցող խաղողի սեղանի սորտերը դեռ մնացել են այգիներում


Արմավիրի մարզում խաղողի սեղանի սորտերը ցածր գներով մթերվում են Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիր գյուղի մասնաճյուղում: Մթերվել է շուրջ 1200տոննա խաղողի սեղանի սորտեր, որոնք անցած տարի բարձր գներով արտահանվել են կամ էլ վաճառվել շուկայում: Այս տարի այգեգործները ստիպված են մթերել և համաձայնվել գործարանի առաջարկած գնի հետ, քանի որ իրացման այլ ճանապարհներ չունեն: Այլապես բերքը մնալու է այգիներում կամ էլ թափվելու է:
Արմավիրի մարզի այգիներում մնացել է այն խաղողը, որ տարիներ շարունակ արտահանվել է այլ երկրներ, իսկ տեղական շուկայում էլ վաճառվել մեկ կիլոգրամը 400-500 դրամով: Դրանք սեղանի սորտի խաղողներ են : Հիմնական մեծ շուկան Ռուսաստանն էր, որտեղ տիրող տնտեսական ճգնաժամը, ռուբլու արժեզրկումը կրախի առաջ են կանգնեցրել հայ գործարարներին: Արդյունքում տուժում է արտադրողը: Գյուղացիների մշակած բերքը մնալով այգիներում փչանում է, կորցնում` տեսքն ու համը:
Գյուղացիների զայրույթը զսպելու և նրանց աջակցելու նպատակով գործարանը մարզպետարանի միջնորդությամբ շարունակում է խաղողի տեխնիկական սորտի հետ մեկտեղ նաև սեղանի սորտերի մթերումը: Գործարանի գինեգործ Արարատ Եղիազարյանը նշեց, որ նախատեսված 5000-6000տ խաղողի փոխարեն արդեն մթերել են 8000տ:
Մեկ կիլոգրամը 140-150 դրամով ընդունել են միայն խաղողի տեխնիկական սորտերը: Գործարանը ընդունում է կոնյակի և գինու հումք հանդիսացող խողողի մեղրաբույր, կանգուն, մսխալի, գառան դմակ, ներկենի, կարմրահյութ, քիչ քանակությամբ էլ՝ ոսկեհատ սորտերը :
Ներկայում Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը մթերում է նաև շուկայում բարձր արժեք ունեցող խաղողի սեղանի սորտերը, որոնք գործարանում լրիվ արժեզրկված են: Պատասխանատուների հավաստիացմամբ այդ խաղողների ցածր շաքարայնությունը չի համապատասխանում նախատեսված չափանիշերին: Մթերող գյուղացիները ճնշված ու ընկճված էին, դրանից ելնելով էլ չցանկացան կիսել իրենց մտահոգությունները: Մթերման գործընթացին էին հետևում Արմավիրի փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանն ու գյուղատնտեսության բաժնի պետ Մարտիրոս Սարիբեկյանը: Գործարանում 15 տոկոս շաքարայնության սեղանի սորտերն ընդունում են մեկ կիլոգրամը 60 դրամով, իսկ 20 տոկոս շաքարայնությամբ խաղողը ՝ 80 դրամով, որի դիմաց կվճարեն երեք ամիս հետո: Երեկվա տվյալներով Պռոշյաի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում մթերվել է 1200տ սեղանի խաղող: Տարաներն ազատելու նպատակով սկսել են թորման աշխատանքները, իսկ որքան կկարողանան ընդունել՝ գինեգործը դժվարացավ պատասխանել, քանի որ տարաները քիչ են դատարկվում:
Գործարանի դիմաց շարված են սպիտակ խաղողով բեռնված մեքենաները, այգետերերն էլ մեկ մարդու նման լուռ սպասում էին իրենց հերթին:
Այս դեպքում դժվար է ասել որն է գյուղացու համար ավելի լավ՝ բարենպաստ տարին՝ առատ բերքով, թե՝ անբարենպաստ տարին՝ ոչնչով, երկու դեպքում էլ արդյունքը նույնն է: