Հասարակություն

Հոգեւորականները հանդիպել են ուսանողների հետ

sonahakobyan
Սբ. Սարգիս զորավարի տոնին ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմը ավանդաբար կազմակերպում է թեմատիկ ցուցահանդես-մրցույթ: Տոնի խորհուրդն ու ամենամյա թեմատիկ ցուցահանդես-մրցույթի պայմանները ներկայացնելու նպատակով Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականները հանդիպել են Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ: Զրույցի ավարտին բուհում Տնօրհնեքի կարգ է կատարվել:

 

Սբ. Սարգիս զորավարի տոնին ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմը ամեն տարի կազմակերպում է թեմատիկ ցուցահանդե մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած ստեղծագործ անհատ, ով մինչև դեկտեմբերի 10-ը կներկայացնի գեղանկարչության, գրաֆիկայի և դիզայնի թեմատիկ աշխատանքներ: Ուսանողությանը իրազեկելու նպատակով՝ Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականներն այսօր այցելել էին Գեղարվեստի պետական ակադեմիա: Տոնի խորհուրդը ներկայացնելուց  հետո տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանը պատասխանեց նաև երիտասարդներին հուզող հարցերին:

Տոնի խորհուրդը նախապես ներկայացնելու նպատակն էլ երիտասարդներին ոգեշնչելն է: Նրանք պետք է նախապես ծանոթանան տոնի մանրամասներին, և ըստ այդմ իրենց մտքի պոռթկումները ներկայացնեն ցուցահանդես-մրցույթին, նշեց տեր Շմավոնը: Քահանան արդեն մի քանի տարի է՝ հետևում է մրցույթի անցկացմանն ու ներկայացված աշխատանքներին: Խոստովանում է, որ բավականին տպավորված է դրանցով:

Աշխատանքներն առաջին հերթին պետք է արտահայտեն տոնի խորհուրդը, իսկ մասնագիտական ժյուրին դրանցից կընտրի լավագույնները: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական մրցանակների ու պատվոգրերի:

Back to top button