Հասարակություն

ԹԻ. Պետգնումներում նկատվում է թափանցիկության անկում եւ կոռուպցիոն ռիսկեր

lianaeghiazaryan

Գնումների կազմակերպման օրենսդրությունը լուրջ բարեփոխման կարիք ունի, քանի որ պետական գնումների 50 տոկոսի դեպքում պատվիրատուների շահերը խախտվում են, այսօր հայտարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը` խոսելով «2014-2015 թվականներին գնումների համակարգում կատարված իրենց մոնիթորինգի» արդյունքներից: Մանուկյանը շեշտել է նաեւ` մեր օրենսդրությունն այս մասով գրեթե կատարյալ է, բայց նաեւ հստակ են օրենքների խախտման օրինակները:

 

Պետական գնումների օրենսդրության առումով որեւէ առաջընթաց չկա, հակառակը` կա համակարգում թափանցիկության անկում եւ կա առաջարկների` թղթի վրա մնալու միտում: Դիտարկումը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանինն է, ով հիմնվում է այս եւ անցյալ տարվա իրենց մոնիթորինգի արդյունքների վրա:

Պետական գնումների համակարգի անկատարությունը սկսվում է բողոքարկման համակարգի անարդյունավետությունից: Մյուս կողմից` եթե պետական գնումների իրականացման մրցույթում հաղթողը ցանկալի անձ չի լինում, նրա հետ կարող են պարզապես  գործարք չկնքել: Մտահոգիչ են նաեւ մեկ անձից ձեռքբերումների տվյալները, ինչը պարտադրում է փոփոխություն, ըստ որի` այսուհետ նվազագույնը երեք գնային հայտեր լինեն:

Չնայած կառավարության բոլոր հավաստիացումներին` էլեկտրոնային գնումներ իրականում գոյություն չունեն: Մոնիթորինգի հիման վրա մի շարք առաջարկներ են առանձնացվել: Նախ` հստակեցնել պետական ու մասնավոր ընկերությունների հետ պետգնումների ձեւաչափերը, ինչն այսքան բարձրաձայնումներով հանդերձ, այդպես էլ չի արվում:

«Երկրորդ առաջարկը վերաբերում է նրան, որ պետությունը հնարավորություն ունենա ապրանքահումքային տեսակներ ձեռք բերել նաեւ բորսաներից: Հացահատիկը, շաքարավազը կարելի է ձեռք բերել հենց բորսաներից` մենաշնորհները կոտրելու ու մրցակցություն ձեւավորելու համար»։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մոնիթորինգը 4 հիմնական ուղղություն է ունեցել, որոնցից մեկը օրենսդրության փոփոխություններն են` պայմանավորված առաջին հերթին ԵՏՄ անդամակցությամբ: Մեր օրենսդրությունը համապատասխանում է լավագույն չափորոշիչներին, որոնք պարտադրվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից: Բայց դրանց կիրառման ինստիտուտները չկան, հայտարարում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանն ու մասնավորեցնում` նույն անձի հիմնած տարբեր ընկերությունները մասնակցում են պետգնումների մրցույթներին, ստեղծում մրցակցության պատկեր, բայց նաեւ` կոռուպցիոն ռիսկեր: Այսինքն` մարդն ինքն իր ընկերություններով ներկայացրած առաջարկների մեջ հաղթող է դառնում:

Մանուկյանը շեշտում է` պետգնումների մասին օրենքը շուկայում շահերը պետք է հավասարակշռի, սակայն մեր օրենքը միտված է դեպի պատվիրատուն: Վերջինս իր ձեռքում «դագանակ» ունի ու մրցույթների մասնակիցների հանդեպ կարող է խտրական մոտեցում կիրառել:

Գնումների համակարգում նկատվում է համակետրոնացման գործակցի մեծացում. նոր մասնակիցը կարող է հաղթել միայն փոքրարժեք, աննշան մրցույթներում:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ էլ պետական գնումների համակարգում Հայաստանի մրցունակությունը թուլանում է: Կա կարողությունների հարց, կա ԵՏՄ անդամ պետություններին 15 տոկոս գնային նախապատվություն տալու հարց: Ու մեր երկիրն այս մասով շատ ավելի խոցելի է դառնում, հայտարարում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button