Հասարակություն

Երկսակագնային էլեկտրական հաշվիչները շեղումով են աշխատում.Կարեն Չիլինգարյան

karenghazaryan
Երկսակագնային էլեկտրական հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նա հայտնել է, որ ինքը բողոք է  ստացել իր ծանոթներից մեկից այն մասին, որ երկսակագնային հաշվիչում շեղում է նկատել: Նման բնույթի բողոքներն ավելացել են եւ որոշել է հետաքրքրվել խնդրով:  «Տարբեր շենքերում ուսումնասիրելով խնդիրը, տեսա, որ շատ հաշվիչներում կան այդ շեղումները եւ դա  մասսայական բնույթ  է կրում»,- հայտարարել է Կարեն Չիլինգարյանը: Նա նշել է նաեւ, որ այդ հարցով դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով մոնիտորինգ անցկացնել, պարզաբանել, թե ինչի արդյունք են էլեկտրական երկսակագնային հաշվիչների նման մասսայական շեղումները:

 

Երկսակագնային էլեկտրական հաշվիչների նման շեղումների արդյունքում սպառողը, մտածելով, թե արդեն գիշերային սակագնով է վճարելու, սկսում է գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի հետ կապված գործերը պլանավորել, սակայն, իրականում խաբվում է, քանի որ վճարում է կատարում ցերեկային սակագնով: Սպառողների շահերի պաշտպան Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ էլեկտրական երկսակագնային հաշվիչների նման շեղումների համար պատասխանատու է համապատասխան լաբորատորիան, քանի որ դրանք մինչ տեղադրվելը անցում են այդ լաբորատորիաներով:

Արձանագրված խախտումների վերաբերյալ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը գրություն է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Պատասխան, սակայն, դեռ չի ստացել:

«Սպառողների  խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը խորհուրդ տվեց հետևել երկսակագնային հաշվիչներին, նայել ժամերին, խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել Էլեկտրական ցանցերին՝ պահանջելով ստուգում իրականացնել:

Back to top button