Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan

ՀՀ-ում խրախուսվում է բարձրլեռնային վայրերում աշխատելը

ՀՀ-ում խրախուսվում է բարձրլեռնային վայրերում աշխատելը:
2016 թվականի հունվարի 1-ից պետական մարմին չհամարվող պետական բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվում է լրավճար, որի չափը աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության դեպքերում կազմում է ամսական 8000 Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու դեպքում լրավճարի ամսական չափը նվազեցվում է օրենքով սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության և տվյալ աշխատողի համար նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի տարբերությանը համապատասխան:
Նախագծով կպահպանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանիդսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը:

Դատապարտյալներին ծանրոցներ կարող են փոխանցվել առցանց

Այսուհետ կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ կարող են փոխանցվել նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի `www.ced.am միջոցով: Որոշման նախագիծը հաստատվելու է այսօր՝ կառավարության նիստի ժամանակ: Առցանց պատվեր կատարելու գործընթացն իրականացվում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով: Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է որոշակի ժամկետով հետաձգել պատվերի ընդունումը կամ մասնակի ընդունել կամ փոխարինել պատվերի առարկան՝ նախապես հիմնադրամի աշխատակցի միջոցով ստանալով պատվիրատուի համաձայնությունը։ Առցանց պատվերի հայտը մերժման դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ այլ ծառայողը կայացնում է համապատասխան որոշում՝ նշելով պատվերի հայտը մերժելու պատճառները, անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը։

Կփոխատուցի սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները

ՀՀ սփյուռքի նախարարությունը կփոխատուցի սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները: Այս նպատակով կառավարությունը սփյուռքի նախարարությանը կհատկացնի շուրջ 24 մլն դրամ: 2012թ. սիրիահայ ուսանողների ուսման վարճավճարի մասամբ փոխհատուցման համար ֆինանսական միջոցներ են տրամադրվել պետական բյուջեից, «Հայաստան» համահայկական հիմնադրամից, 2013թ. «Հայաստան» հիմնադրամը, «Գալուստ Կյիւլպենկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունն են ներդրել ֆինանսական միջոցներ: 2014թթ. «Գալուստ Կյիւլպենկեան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ցուցաբերած նյութական աջակցությունը բավարար չէր բոլոր սիրիահայ ուսանողների ամբողջ վարձավճարը փոխհատուցելու համար և ֆինանսական միջոցներ տրամադրվեցին նաև պետական բյուջեից: 2015-2016թթ. սիրիահայ ուսանողների ուսումնական տարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար կրկին գումար է անհրաժեշտ:

Արմեն Գալստյանի ՄԻԵԴ գործուղման ժամկետը կերկարաձգվի

Կառավարությունն այսօր կերկարաձգի Արմեն Գալստյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանը 2014թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Ստրասբուրգ: ԵԽ քարտուղարությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ իշխանություններին` խնդրելով Ա. Գալստյանի գործուղման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, նույն պայմաններով:

«Համազգային թատրոնն այսուհետ կկրի Սոս Սարգսյանի անունը

«Համազգային թատրոնն այսուհետ կկրի Սոս Սարգսյանի անունը: Կառավարության այսօրվա որոշմամբ,« Համազգային թատրոնն պետական ոչ առևտրային» կազմակերպությունը վերանվանվելու է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է հենց 1991 թվականին հիմնադրել Համազգային թատրոնը: Հատկապես 90-ականների ծանր տարիներին բեմադրվել են ներկայացումներ, որոնք հադիսատեսը ջերմորեն ընդունել և մեծապես սիրել է՝ «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա»: Ս. Սարգսյանի մահից հետո Համազգային թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։
«Գոյ» կնետրոնը կվերանվանվի

«Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն էլ այսօր կրկին կառավարության որոշմամբ, կվերանվանվի «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը 1988 թվականին հիմնադրել է «Գոյ» փորձարարական թատրոնը, որը 2011 թվականին վերանվանվել է «Բերմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն»: Ա. Մազմանյանը թե որպես հիմնադիր, և թե որպես բեմադրող ռեժիսոր, մեծ դերակատարություն է ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում, նպաստել է թատրոնի և կինոյի զարգացմանը:

Back to top button