«Նոր Հայաստանն» ու «Ոչ»- ի ճակատը միասնաբար՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր ներկայացրել է այն ծրագիրը, որով առաջնորդվելու է սահմանադրական փոփոխությունների գործընթացը մերժելու ճանապարհին: Քաղաքական ուժերի այս դաշինքը, ինչպես հայտնի է, խորհուրդ և շտաբ է ձևավորել: Խորհրդի կազմում «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանն են, Հիմնադիր խորհրդարանից Ժիրայր Սեֆիյանն ու Գարեգին Չուքասզյանը, ինչպես նաև Պետորս Մակեյանը, Հմայակ Հովհաննիսյանն ու Անդրեաս Ղուկասյանը: Այսօրվա հավաքին, ի դեպ, մասնակցել են ոչ միայն ճակատին անդամակցած, այլ նաև ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա էին ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, ՀԺԿ-ից Ստեփան Մինասյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ ճակատ, ինչո՞ւ այս կազմով, վերջապես ինչո՞ւ քաղաքացիական անհնազանդություն, Հանրային փրկության ճակատն այսօր իր ծրագիրն էր ներկայացնում՝ փորձելով պատասխանել կուտակված ինչուներին: Դրանցից յուրաքանչյուրին ելութով անդրադարձավ խորհրդի անդամներից մեկը՝ Գարեգին Չուքասզյանը։ «Պատասխանը կարճ հնչում է այսպես՝ սահմանադրական հանրաքվեի հարցը բացառիկ առիթ ու հիմնավոր պատճառ է արմատական փոփոխությունների հարցը նորից օրակարգ բերելու համար»:
«Նոր Հայաստանը», ինչպես հայտնի է, ոչ միայն մերժում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը, այլ նաև իշխանափոխության խնդիր է դնում՝ օրակարգային համարելով արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հարցը:
Ճակատը սահմանադրական հանրաքվեն բացառիկ առիթ է համարում նաև ընդդիմադիր ուժերի միավորման, մասնատված դաշտի համախմբման համար: Ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ հակասություններն այս փուլում չեն խանգարի, ասում է Չուքասզյանը: «Մեծ ու փոքր, նոր և հին, քաղաքական և քաղաքացիական ուժերը, մոռանալով անցյալի հակասությունները, ոչ թե մրցակցում են, այլ գալիս կոմպրոմիսի կարևոր խնդրի շուրջ»:
Այն, որ կոմպրեմիսի հնարավորություն կա, ապացուցում էր համաժողովին ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի ներկայությունը: ՀԱԿ-ը «Ոչ»-ի ճակատում է, բայց ֆորմալ առումով «Նոր Հայաստանի» հետ չէ: «Այստեղ եմ մեկ նպատակով. հայտարարելու, որ «Ոչ»-ի ճակատն ու «Նոր Հայաստան»-ը միասնական են »:
Զուրաբյանի խոսքով՝ նպատակն ու խնդիրները նույնն են, կան տարբերություններ մարտավարական հարցերում : Այդ տարբերությունը, ինչպես Զուրաբյանը ձևակերպեց, ընդամենն անհամաձայնություն է տեխնոլոգիաների շուրջ:
Իսկ քաղաքացիական անհնազանդությունը, որպես պայքարի մարտավարություն, ընտրել է «Նոր Հայաստանը»: Ժիրայր Սեֆիլյանը բացատրեց, թե ինչու են այս մարտավարությունն ընտրել, ասաց հիմնական պատճառն այն է, որ պայքարի քաղաքական միջոցները սպառված են համարում, անգամ ամսաթիվ նշեց. դեկտեմբերի 1-ը Փրկության ճակատը հռչակում է քաղաքացիական անհնզանդության օր և հորդորում է նախապատրաստվել դրան: