Նաիրիտցիների նոր պահանջը


Քիմիական հսկայի՝ Նաիրիտի աշխատակիցներն ի վերջո, տարիների համառ պայքարից հետո ստացան իրենց աշխատավարձերը: Այժմ, նրանք գործարանի վերաթողարկում են պահանջում: Վերջին աուդիտը, որն անցկացրել էին Համաշխարհային բանկի փորձագետները, նշում էին, որ գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն ԱՄՆ դոլար: Նաիրիտ գործարանի արմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը, սակայն, պնդել է, որ հնարավոր է գործարանը վերաթողարկել բավականին ցածր գնով: Ավելին, գործարանի շահագործման համար քաղաքական կամք է պետք ու առանձին օրենք՝ Նաիրիտի մասին: Առաջին հայացքից ամեն ինչ պատրաստ է՝ քիմիական երբեմնի հսկայի վերագործարկման համար, մյուս կողմից, սակայն, տպավորություն է, որ որևէ գործնական քայլ չի արվում, կամ էլ ցանկություն չկա, գործարանը գործարկելու համար: Նաիրիտ գործարանի արմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը ստեղված իրավիճակը գործարանի վատ կառավարմամբ է պայմանավորել:
Խորհրդային տարիների երբեմնի հսկա քիմիական Նաիրիտ գրծարանի ճակատագրի մշումը դեռ չի ցրվում: Նախկին աշխատակիցները տարիների համառ պայքարից հետո ի վերջո ստացան իրենց աշխատավարձերը: Այժմ պահանջները փոխվել են , նրանք գործարանի վերաթողարկում են պահանջում: Նաիրիտցիները պնդում են՝ իրենց գործարանի արտադրանքը մրցունակ եղել ու մնում է համաշխարհային շուկայում: Ի տարբերություն նրանց, ՀԲ փորձագետները այլ եզրակացության են եկել ՝ Նաիրիտի հետագա շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ արտադրվող արտադրանքի ինքնարժեքը բավականին բարձր է:
ՀԲ մասնագետները եզրակացության մեջ նշում էին, որ եթե ստեղծված վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա՝ տարեկան շուրջ 3 մլրդ դրամի չափով աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար։ ՀԲ հաշվետվության մեջ նաև նշված է, որ գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն ԱՄՆ դոլլար:
Նաիրիտ գործարանի արմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը, սակայն, պնդում է՝ «Վերջին աուդիտի մեջ նշվում էր, որ գործարանի գործարկման համար 36 ասիս կպահանջվի, կարծում եմ, որ սա այդքան էլ ռեալ չի: Մասնագտեների կարծիքով, 18 ամսում հնարավոր է ներդրող լինելու պարագայում, վերագործարկել գործարանը»:
Գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ հարությունյանը չի կիսրում աուդիտորական եզրակացությունն այն մասին, որ «Նաիրիտի» մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։ Հրաչ Թադևոսյանի հետ միասին նրանք պնդում են.
«Այն ընթացքում, երբ Նաիրիտը աշխատել է, իր արտադրանքը ամբողջությամբ՝ 100 տոկոսով իրացվել է, այն գրեթե ամբողջ աշխարհում է իրացվել: Մեր կաուչուկը որակով որևէ երկրի արտադրանքի չի զիջում»:
Գործարանի վերագործարկման մի քանի ծրագրեր արդեն սեղանին են. ացետիլենային եղանակով կաուչուկ թողարկելու համար նախանշված ծրագրերից մեկը տարեկան 12 հազար տոննա, մյուսն էլ՝ 24 հազար տոննա կաուչուկ արտադրելու հնարավորություն կտա: Առաջին հայացքից ամեն ինչ պատրաստ է՝ քիմիական երբեմնի հսկայի վերագործարկման համար, մյուս կողմից, սակայն, տպավորություն է, որ որևէ գործնական քայլ չի արվում, կամ էլ ցանկություն չկա, գործարանը գործարկելու համար: Նաիրիտ գործարանի արմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը ստեղված իրավիճակը գործարանի վատ կառավարմամբ է պայմանավորում, Անուշ Հարությունյանն էլ նկատում է, որ «Նաիրիտի մասին օրենք» պետք է ստեղծվի:
Թե՛ Հրաչ Թադևոսյանը, և թե՛ Անուշ Հարությունյանը կարծում են, որ Նաիրիտի վերագործարկման համար քաղաքական կամքի անհրաժեշտություն կա: Պարզապես գործարանում ներդրումներ անելու պարագյում ներդրողը շահույթը լավագույն դեպքում կունենան 4 տարի հետո, հենց սա է հիմնական պատճառը, որ հատկապես հայաստանցի գործարարները չեն պատրաստվում այստեղ ներդրումներ անել: Մինչդեռ քիմիական երբեմնի հսկան դեռ կարող է փրկվել՝ ապահովելով նաև պետական բյուջեի եկամուտների զգալի մասը: