ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահները կայցելեն նաեւ Ստեփանակերտ

Տարածաշրջան այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն նաեւ Ստեփանակերտ, հանդիպում կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ, հայտնում է «Արցախպրես»՝ վկայակոչելով ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին։

«Երբ նման հանդիպումներ են լինում, քննարկվում են մի շարք ուղղություններ: Նախ, կոնկրետ ստեղծված իրավիճակը: Առաջին հերթին, բնականաբար, ուշադրություն կդարձվի սահմանային խնդիրներին, շեշտը կդրվի խախտումների վրա եւ կքննարկվի, թե ինչ քայլեր կարելի է կատարել այդ խախտումները նվազեցնելու ուղղությամբ: Բնականաբար, կքննարկվեն նաեւ ընդհանուր բանակցային գործընթացն ու տարածաշրջանային փոփոխությունները: Հաշվի առնելով, որ վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանային խախտումները նոր դրսեւորումներ են ստացել, չի կարող շրջանցվել նաեւ սահմանին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ անկախ հետաքննության մեխանիզմի ներդրման հարցի բարձրացումը»,- ասել է Դավիթ Բաբայանը` հավելելով, որ համանախագահների հետ հանդիպումների ժամանակ պաշտոնական Ստեփանակերտը միշտ ներկայացնում է բազմաթիվ առաջարկություններ, որոնք Բաքուն չի ընդունում եւ մերժում է:

«Մենք առաջարկեցինք դիպուկահարների հետ քաշում, բայց Բաքուն մշտապես մերժում է: Նաեւ առաջարկեցինք, որպեսզի տոն օրերին` տեղական, թե միջազգային, քաղաքական, եկեղեցական, սահմանին հրադադարի ռեժիմը չխախտվի, բայց Բաքուն կրկին մերժեց: Այս անգամ, նույնպես, մենք մի շարք առաջարկություններ կանենք համանախագահներին, բայց կարծում եմ, որ համանախագահները պետք է հիմնական շեշտը դնեն ադրբեջանական կողմի վրա` նրան կառուցողական դաշտ բերելու համար»,- նշել է Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը շեշտել է, որ այս առնչությամբ շատ կարեւոր կլինի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Թեպետ յուրաքանչյուր հանդիպումից հետո Ալիեւը խոստանում է մի բան, կատարում հակառակն ու խախտում միջազգային օրենքը՝ այդ կերպ իմաստազրկելով նաեւ իր խոսքերը, սակայն, եթե առաջիկայում կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, դա կլինի կարեւոր եւ ազդեցիկ մեխանիզմ խաղաղությունն ու կայունությունը ընդհանուր առմամբ պահպանելու համար»,- ասել է Բաբայանը:

Back to top button