Տնտեսական

Կորցնում ենք խաղողագործության ավանդույթները, ասում է սպառողների իրավունքների պաշտպանը

lianaeghiazaryan

Անկազմակերպ տնտեսական քաղաքականություն. «Սպառողների շահերի պաշտպանություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը սա է տեսնում խաղողագործների առջեւ ծառացած խնդիրների հիմքում: Հայաստանը խաղողագործության, գինու արտադրության ու արտահանման առումով լուրջ շանսեր բաց թողեց, ասում է հասարակական գործիչն ու ասվածը հիմնավորում մի շարք թվերով։ Երբ ՌԴ-ն արգելեց վրացական գինու ներմուծումը, ինչո՞ւ մենք այդ հսկայական անծայրածիր շուկայի 46 տոկոսը գրավելու շանսը բաց թողեցինք:

 

Խաղողի երկիր ենք, խաղողագործության ինստիտուտ, բայց այսօր կորցնում ենք գիտական միքտն էլ, ավանդույթներն էլ, ու դրան  տանող ամենաուղիղ ճանապարհը գյուղացիների այսօրվա վիճակն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների շահերի պաշտպանություն» ՀԿ նախագահը:

Արմեն Պողոսյանն այսօր առկա խնդիրները 2 հիմնական մասի է բաժանում` մթերում եւ սելեկցիա: «Մարդիկ արտադրում են, փորձ ու որակ ունեն, բայց մթերումը կործանիչ դեր է խաղում: Եթե մթերումը նորմալ չի կատարվում՝ գյուղացին տուժում է, իսկ գյուղացին հիմքն է ամեն ինչի»,- ասում է նա՝ նշելով, որ միակ ճանապարհն այն է, որ ռացիոնալ և օպտիմալ կերպով կազմակերպեն մթերումը:

Այսօր միայն մեկ խոշոր ընկերություն կա, որը մեծածավալ մթերում ու արտահանում է կազմակերպում: Ու այս վիճակը երկիրը կերակրողին դնում է խիստ անհարմար դրության մեջ: Պողոսյանը հիշում է Շիրակից, Վայքից գյուղացիների կողմից իրեն ուղղվող ահազանգերը, բերքը փչանում է, մարդիկ չեն կարողանում իրացնել, եթե տեղափոխությունն էլ է իրենց վրա մնում, դա էլ իր հերթին է լրջորեն մեծացնում  գյուղացու ծախսն էլ, հոգսն էլ:

Սպառողների շահերի պաշտպանը բոլոր խնդիրների լուծումը տեսնում է մեկ կետից` արդյունավետ կազմակերպել մթերումը նոր մեխանիզմով` գնահատել խաղողն ըստ շաքարայնության: Մթերող կազմակերպությունն էլ պետք է նախապես շրջագայի, ծանոթանա բերքի քանակին ու որակին: «Ինչո՞ւ մեր գինին չունի իր արժանի տեղը միջազգային շուկայում այն դեպքում, երբ իր որակով մեդալակիր է: Երբ ՌԴ-ն արգելեց վրացական գինու ներմուծումը, ինչո՞ւ մենք այդ հսկայական անծայրածիր շուկայի 46 տոկոսը գրավելու շանսը բաց թողեցինք: Դա իրադրության պարգև էր մեզ համար, սակայն մենք չօգտվեցինք այդ առիթից: Արտահանումը գոնե պետք է կրկնապատկվեր:   Բիզնեսի կազմակերպիչները և նախարարությունը եթե արտահանումը դինամիկ կերպով չեն կազմակերպում, ուրեմն մնացած արվածը ոչինչ չարժե, միայն ուտելու համար միշտ էլ կարող ենք մշակել»,- ասում է Արմեն Պողոսյանն ու մի շարք թվեր մատնանշում. Վրաստանն արտահանել է 24 միլիոն շիշ գինի այս տարվա առաջին ինն ամսում` 67 մլն դոլար ընդհանուր արժեքով, իսկ Հայաստանն արտահանել է շուրջ 2 մլն դոլարի գինի` տարվա կտրվածքով մինչեւ 1 միլիոն շիշ:

Բոլոր խնդիրների պատճառն անկազմակերպ տնտեսական քաղաքականությունն է, ամփոփում է սպառողների շահերի պաշտպանը: Ըստ նրա` պարենային անվտանգության հայեցակարգում «սելեկցիա» բառը նույնիսկ չկա էլ, այնինչ սա արմատական նշանակություն ունի գյուղատնտեսության համար: Արդեն շատ արժեքավոր սորտեր ենք կորցրել, իսկ ներկայում մշակվող սորտերը չեն զարգացվում այնպես, որ ստացվի արդյունավետ բերք:

Back to top button