Տնտեսական

Խաղողի ու խնձորի իրացման հոգսը

satikisahakyan
Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում  խաղողի և խնձորի բերքի իրացման խնդիրներն անհանգստացնում են գյուղացիներին:  Խաղողի մի մասն է հանձնվել, խնձորի՝ քիչ քանակությունը: Մնացած բերքը դեռ այգիներում է: Խաչիկ գյուղի տնամերձ այգիներում  գրեթե 10 հեկտար  խնձորի տարբեր սորտերի այգի կա, որից  ավելի  քան 4  հեկտարը՝ նորատունկ:  Առատ ու անուշահամ միրգը  գնորդ չունի:

 

Բերքի իրացման խնդիրը ծառացած  է ոչ միայն Արատյան դաշտավայրի այգեգործների առջև, այլև բարձր լեռնային բնակավայրերի գյուղացիների:  Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում   վազերը դեռ ծանրացած են խաղողով:  Գյուղի 33 հա խաղողի այգիներից  20 հա-ն է    մշակվել:  Գյուղացիները կարողացել են իրացնել բերքի կեսը ՝  Արենի սորտի խաղողը մթերել են  մեկ կիլոգրամը 200 դրամով, իսկ սպիտակ խաղողը՝ շաքարայնությամբ պայմանավորված՝ 120 դրամով:   Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը հույս հայտնեց, որ կկարողանան լուծել մնացած խաղողի մթերման հարցը:

Խաչիկ գյուղի տնամերձ այգիներում քաղցրացել  է խնձորը, որն իր տեսքով ու համով տարբերվում է այլ մարզերի բերքից: Խնձորի սորտերը շատ են, ծառերի ճյուղերն էլ՝  ճկռած  բերքից, սակայն գնորդ չունեն: Խաչիկցու համար դժվար է բերքի տեղափոխման ու վաճառքի խնդիրները լուծել: Մարտիրոս Պողոսյանը մատների վրա թվարկում է իր մշակած այգիները, սակայն օգուտը  չի տեսնում, եկամուտ չունի:

Մարտիրոս պապը հիշում է, որ խորհրդային տարիներին խնձորը մթերվում էր Շիրազլուի գործարանում, իսկ հիմա գործարանները մասնավորի ձեռքն են, իր խոսքերով՝ կուզի կընդունի, կուզի չի ընդունի:

Խնձորի իրացման խնդրի բարդությունը, ըստ համայնքի ղեկավարի, սորտերի բազմազանությունն է, որոնք էլ տարբեր գներ ունեն և չեն կարողանում մեկ մթերող կազմակերպության հետ պայմանագիր կնքել ու հանձնել:   Խնձորի որոշակի քանակությունը  մեկ կիլոգրամը 30-40 դրամով մթերվել է Եղեգնաձորի պահածոների գործարանում, սակայն դա  ստացված բերքի  շատ քիչ տոկոսն է կազմում: Արտահանողներից միայն Սպայկան է հասել Խաչիկ գյուղ, բայց  առաջարկած  գինը  չի գոհացրել   գյուղացիներին: Համայնքի ղեկավար  Վարդան Ներսիսյանը նշեց, որ  Սպայկան ընտրում է  ամենախոշոր, առողջ ու հարթ մակերեսով խնձորները, որի  դիմաց առաջարկում  170-200 դրամ:

Անուշահամ մրգերը  ձմռանը պահվող սորտեր են, եթե խաչիկցին հիմա չկարողանա իրացնել խնձորը, ապա ձմռանը նրա համար շատ ծանր  կլինի, քանի որ  ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա գտնվող լեռնային բնակավայից  դժվար կլինի  21 կմ երկարությամբ  ոլորանաշատ լեռներով,  խնձորը վաճառելու հույսով,  իջնել  Եղեգնաձոր կամ այլ մարզեր,  հետո  բարձրանալ հարազատ գյուղը:  Խնձորի իրացումը դարձել է հոգս Նախիջևանի սահմանը պահող խաչիկցու համար:

Back to top button