Մշակույթ

Լիոնի եւ Հայաստանի ճարտարապետական բուհերի համագործակցության արդյունքները

karenghazaryan
Լիոնի եւ Հայաստանի ճարտարապետական բուհերի միջեւ 2009 թվականից սկսվել է համագործակցություն: 2011 թվականից երկու ճարտարապետական բարձրագույն ուսումնական հաստատություններն իրականացնում են համատեղ գիտական եւ գործնական ծրագրեր՝ ուղղված մշակութային ժառանգության ճարտարապետությանը: Այդ համագործակցության շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի հնագույն հողաշեն կառույցները, մասնավորապես՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տարածքը:

Ուսումնասիրության արդյունքներն ու կատարված աշխատանքներն այսօր ներկայացվել են «Հողաշեն ժառանգություն. նյութեր հօգուտ Հայաստանի տարածաշրջանների զարգացման» խորագրով միջազգային գիտաժողովում: Գիտաժողովի նպատակը Հայաստանում հնագիտական, ավանդական ու ժամանակակից ազգային ժառանգության վերհանումն է: Դա, ըստ մասնագետների, հնարավորություն կտա բնակչության շրջանում նոր վերաբերմունք ձեւավորել, ինչը, նրանց ձեւակերպմամբ, կվերարժեվորի հողը՝ որպես շինարարական նյութ ժամանակակից բնակության վայրերում: Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ Լիոնի ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցի ուսանողների ավարտական աշխատանքները:

Լիոնի եւ Հայաստանի ճարտարապետական բուհերի համագործակցությունը ղեկավարում է Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական համալսարանի դասախոս, մեր հայրենակից Սյուզան Մոնոն: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի համատեղ ուսումնասիրվում է մեկ թեմա: Հայաստանում հողաշեն կառույցների թեման ուսումնասիրելիս՝ փորձել են գտնել լուծումներ, թե ինչպես հողաշեն հնագիտական վայրերը կարող են պահպանել եւ օգտագործվել քաղաքի եւ տարածքների զարգացման համար:

Սյուզան Մոնո. «Հայաստանը շատ հարուստ մշակույթ ունի, սակայն տուրիզմի համար հիմնականում ընտրվում են եկեղեցիների թեմաները, բայց տուրիզմի հետ կապված թեման միայն վանքերի-եկեղեցիների հետ կապելն ափսոս է: Հայաստանի ժառանգությունն ավելի լայն ձեւով կարելի է ներկայացնել եւ հնագիտական վայրերն այդ թեմաներից են, որոնք կարող ենք տուրիստական ուղղությամբ լավ զարգացնել ու ծանոթացնել»:

Back to top button