Միջազգային

Իրաքում եւս ցանկանում են օգնության կանչել ՌԴ-ին. կհամաձայնի՞ արդյոք Մոսկվան

marlenahovsepyan

Իրաքի կառավարող կոալիցիան կոչ է անում երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին խնդրել Ռուսաստանին օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին: Այդ հարցում կոալիցիոն ուժերի հետ համակարծիք է Իրաքի ռազմականացված շիա խմբավորումը, Reuters-ին հայտնի է դարձել իրաքյան աղբյուրներից: Գործակալությանը հաղորդում է, որ վարչապետ ալ-Աբադին այժմ լուրջ ճնշման տակ է իշխող Իրաքի ազգային դաշինքի կողմից, սակայն կառավարության ղեկավարը այդ հարցով անցյալ շաբաթ ուղարկված պաշտանական հարցմանը դեռ չի պատասխանել:

Իրաքի վարչապետը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ իրենք կողջունեն Իրաքում ռուսական օդուժի գործողությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ Բաղդադը  Մոսկվայի հետ հարցը բարձր մակարդակով չի քննարկել: Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ ընդլայնել «Իսլամական պետության» դեմ պայքարը դեպի Իրաք: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրաքի իշխանությունները նման խնդրանքով չեն դիմել։ «Ինչպես գիտեք, մենք քաղաքավարի մարդիկ ենք, չենք գնում այնտեղ, որտեղ մեզ չեն հրավիրում»,- ասել էր Լավրովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նունպես հայտարարել էր, որ Մոսկվան նման հարցում չի ստացել Բաղդադից: Նա նշել էր, որ նման գործողությունների համար 2 չափանիշ կա. երկրի օրինական ղեկավարության դիմումը և ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևը:

Միացյալ Նահանգները Իրաքի իշխանություններին նախազգուշացրել է. եթե Ռուսաստանը սկսի ավիահարվածներ հասցնել Իրաքի տարածքում ԻՊ դիրքերին, Բաղդադը կզրկվի ամերիկյան աջակցությունից: Նախօրեին Իրաքում այցով գտնվող Միացյալ Նահանգների շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեի հրամանատար Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Վաշինգտոնին դժվար կլինի շարունակել գործողություններն Իրաքում, եթե Ռուսաստանը միջամտի:

Մինչդեռ՝ իրաքցի պատգամավորները պնդում են, որ Իրաքի խորհրդարանը առաջիկայում նախատեսում է քվեարկության դնել ՌԴ ավիացիայի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը: «ՌԻԱ Նովոստի»- ի փոխանցմամբ՝  խորհրդարանում շիաների «Օրենքի պետություն» կոալիցիան ներկայացնող պատգամավոր և ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մուվաֆակ ար Ռուբային ասել է, որ քվեարկությունը տեղի է ունենալու մինչև հոկտեմբերի վերջը։

Back to top button