ԿարևորՔաղաքական

ԵՄ- Հայաստան բանակցությունները պետք է համաձայնեցվեն Ռուսաստանի հետ

lenabadeyan

ԵՄ-Հայաստան բանակցությունները թեեւ կիսատ մնացին, քանի որ Հայաստանը նախընտրեց ԵՏՄ ճանապարհը, բայց մի քանի օր առաջ հստակեցվեց՝ ԵՄ դեռեւս փակ չեն Հայաստանի համար: Եվրոպական հանձնաժողովը՝ ԵՄ-ի անունից ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել։ Դա նշանակում է, որ այդ ուղղությամբ համագործակցությունը դեռ իրականություն կարող է դառնալ, թեեւ բոլոր հացերը, հասկանալի է՝ պետք է համաձայնեցվեն Ռուսաստանի հետ՝ ԵՏՄ շրջանակներում: Այսօրվա դրությամբ ակնկալիքները եւ հեռանկարները առայժմ մշուշոտ են, թեեւ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշում է, որ առարկայական բանակցությունները կարող են սկսել մինչեւ տարեվերջ: Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ բանակցություններն այդպես էլ մնացել էին անավարտ 2013- ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանը հայտարարեց ԵՏՄ-ին միանալու իր մտադրության մասին:

 

Հենց սկզբից պարզաբանեմ՝ Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության շրջանակներում մեզ համար արտոնություններ նախատեսված չեն եւ չեն էլ կարող լինել, քանի որ այդ ուղղությունով Հայաստանն իր իրավունքները սահմանափակել է՝ մտնելով Եվրասիական տնտեսական միություն: Այս ճշմարտության դեմ ոչինչ չունի ասելու Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, բայց եւ լավատես է, ասում է՝ «այսօր ունենք բավականին լավ նախադրյալներ» եւ հույս ունի, որ մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի բանակցությունների մեկնարկը տալ:

Հայաստան-ԵՄ համագործակցության նոր մշակվող փաստաթուղթը կոչված է փոխարինելու նախկինում՝ մինչեւ Հայաստանի ԵՏՄ մտնելը մշակված Հայաստան-ԵՄ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրին: Նոր կարգավորումներ պետք է լինեն թե քաղաքական, թե տնտեսական, թե ոլորտային եւ թե իրավական բոլոր ուղղություններով:

Էկոնոմիկայի փոխնախարարի ներկայացմամբ՝ այսօր արդեն կա ընկալումը, թե ինչի մասին են բանակցելու։ «28 ոլորտային համաձայնագրերին տնտեսական բլոկով առնվազն որեւէ խնդիր, որեւէ ոլորտ չկա, որ ենթակա է դուրս մղման»,- ասում է։

Հատկանշական է, որ այս անգամ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Լյուկ Պյեր Դեվինյեն արդեն բաց տեքստով հենց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հետ հանդիպմանն ասել էր, «Այս անգամ մի վախեցեք, ստորագրեք բանակցված համաձայնագիրը»:

Պատգամավոր Թեւան Պողոսյանի տեղեկություններով՝ եվրոպացիները Հայաստանում բանակցությունների ընթացքում փորձում են հստակեցնել եւս մեկ հարց. «Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այս 3-4 օրը, երբ եկել էին բանակցելու, մի քանի անգամ հարց էր տվել. իսկ կարո՞ղ արդյոք այնպես լինել, որ Հայաստանին նորից ճնշեն, թույլ չտան, որ նորից ստորագրի»։

Պատգամավորը համոզված է՝ նախկին բանակցություններից եւ դեպքերի հետագա զարգացումներից դասեր քաղել են բոլորը: Ասում է՝ նախ պետք է ապահովվի բանակցությունների հրապարակայնությունը, այլեւս չսպասել մեծ շուքով պայմանագրի կնքմանը եւ հատկապես քաղաքական բաղադիչի մասով պայմանավորվածությունները շուտ ձեռք բերել:

Հիշեցնում է, որ սեպտեմբերի 4-ին արդեն, երբ հայտնի էր Հայաստանի ԵՏՄ-ի ուղին որդեգրելու որոշման մասին, Հայաստանը միեւնույն ժամանակ հայտարարել էր այդ մասով ԵՄ հետ բանակցությունները շարունակելու մասին:

Չիմանալով, թե ինչ ընթացք են ստանալու Հայաստան-ԵՄ բանակցությունները, հայ վերլուծաբանները եւ պաշտոնյաները այս պահին միայն հույս են հայտնում, որ փաստաթղթերի ստորագրումը լավ կլինի կազմակերպել հնարավորինս շուտ: Բայց այս «շուտ»- ի մեջ էլ կարող են իրադարձությունները սրընթաց զարգանալ, կարծում է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Մենք տեսնում ենք, որ աշխարհը մեր շուրջ փոխվում է ամեն օր, ամեն ժամ եւ մենք չգիտենք, թե բանակցությունների մեկնարկին եւ դրա ավարտին մենք ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում կլինենք եւ Հայաստանը  ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու ինչպիսի հնարավորություն կունենա»։

Հայ վերլուծաբաններն այսօրվա դրությամբ տարբեր ուղղություններով են փորձում պատկերացնել, թե ինչի կարող են հանգեցնել Հայաստանի համար ստեղծված հնարավորությունները՝ դա եւ Իրանի հետ նոր համագործակցության հեռանկարներն են, եւ ԵՏՄ շրջանակներում նաեւ ԵՄ հետ համագործակցությունն է։

Բայց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանն այս հարցում լավատես չէ:  «Հայաստանը եւ քաղաքական, եւ տնտեսական առումով մնում է ԵՏՄ մեջ, մնում է Ռուսաստանի ազդեցության գոտում եւ որեւէ նախադրյալ հիմա չի երեւում, թե Հայաստանը հնարավոր է, որ դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց: Որեւէ պատճառ չկա դրա համար»:

Ի տարբերություն մյուս վերլուծաբանների՝ Աղասի Ենոքյանն արդեն հիմա ենթադրում է՝ Հայաստան-ԵՄ բանակցությունները երկար են տեւելու, որովհետեւ ամեն քայլը պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ:

Back to top button