Հասարակություն

Մշակվում է քաղծառայության բարեփոխումների ռազմավարական շրջանակը

karenghazaryan
Երեւանում այսօր մեկնարկել է ԵՄ արեւելյան գործընկերության երկրների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողովը: Այն քննարկելու է մասնակցային ժողովրդավարության, բաց կառավարման եւ արդյունավետ էլեկտրոնային կառավարման ծառայությունների հիմնախնդիրները: Հանրային կառավարման ոլորտի շուրջ 4 տասնյակ մասնագետների աշխատաժողովի շրջանակներում արտասահմանցի փորձագետները կներկայացնեն հանրային ծառայության ոլորտում էլեկտրոնային կառավարման եվրոպական լավագույն փորձը: Աշխատաժողովն անցկացվում է Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ծրագրի պատասխանատու Ֆինլանդիայի հանրային կառավարման ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ:

 

 

Հայաստանում ներկայումս մշակվում է քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարական շրջանակը: Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի խոսքով՝ այն հիմնված է լինելու հանրային կառավարման եվրոպական չափանիշերի եւ սկզբունքների տեղայնացման վրա: Էլեկտրոնային կառավարման արդյունավետության բարձրացումը նաեւ հակակոռուպցիոն մեծ նշանակություն ունի՝ ասաց Մանվել Բադալյանը:

Էլեկտրոնային կառավարման փորձի հաջողված օրինակ ունեն Էստոնիան եւ Ֆինլանդիան: Էստոնիայից ժամանած փորձագետ Աարե Կասեմետսը զբաղվում է պետական համակարգի բարեփոխումների խնդիրներով եւ դրանցում սոցիալական գիտությունների օգտագործման հարցերով: Փորձագետն ասաց, թե Հայաստանն ու Էստոնյան կոռուպցիայի հետ կապված խնդիրներով նախկին խորհրդային երկրների շարքում բավականին լավ դիրքերում են գտնվում, այդուհանդերձ, փորձի փոխանակման անհրաժեշտություն կա:

«Ոչ միայն դրական փորձն է օգտակար, այլ նաեւ այն սխալները, որոնք եղել են պետականաշինության ընթացքում: Սխալներից նույնպես ուսանելու անհրաժեշտություն կա»:

Փորձագետը տեղեկացրեց նաեւ, որ իրենց օգնությամբ արդեն Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու տեղական բյուջեն համացանցի միջոցով բոլորին տեսանելի է դարձվել: Սա Էստոնիայում կիրառված փորձերից մեկն է, որ ներդրվել է Հայաստանում:

Ֆինլանդացի փորձագետ Ջերի Քալելան ծրագրով տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուն է Ֆինանսների նախարարությունում: Ասաց, թե արդեն ծանոթ է, թե ինչ է կատարվում պետական հատվածում՝ էլեկտրոնային կառավարման հատվածում:

«Պետք է ասեմ, որ բավականին առաջընթաց է Հայաստանն ունեցել եւ, փաստորեն, մեր փորձը շատ օգտական կարող է լինել զարգացման տվյալ փուլում»:

Էլեկտրոնային կառավարման գործընթացը Ֆինլանդիայում 20 տարի առաջ է սկսվել եւ այսօր ժամանակն է եկել՝ թարմացնելու տեխնիկական բազան ու ընդհանրապես համակարգը: Սա Հայաստանի համար պատեհ առիթ է, քանի որ այստեղ նոր է սկսվում եւ միանգամից կարելի է անցնել նոր փուլի՝ օգտագործելով շարժական տեխնիկայի՝ բջջային հեռախոսների հավելվածներն ու ժամանակակից տեխնոլոգիաների այլ հնարավորություններ:

Ծրագրի հիմնական նպատակը ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներում որոշումների կայացման եւ կառավարման թափանցիկության ուժեղացումն է, ինչը կնպաստի ժողովրդավարական կառավարմանը, ինստիտուցիոնալ կարողությունների եւ հանրային կառավարման զարգացմանը:

Back to top button