ԿարևորՔաղաքական

Հայաստանը կողմ է ՄԽՎ- ում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալուն

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 133- րդ վեհաժողովում պաշտպանել է ռուսական կողմի մի շարք առաջարկներ, այդ թվում՝ Միջխորհրդարանական միությունում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալը եւ հաջորդ Վեհաժողովը Ռուսաստանում անցկացնելը, հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՌԴ ՊԴ նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ։

«Մեզ տեղյակ են պահել, որ կա մտադրություն ռուսերենը դարձնել Միջխորհրդարանական միության պաշտոնական կամ աշխատանքային լեզու։ Ես կարծում եմ, մենք հաճույքով կպաշտպանենք այդ նախաձեռնությունը»,- Գալուստ Սահակյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ Գալուստ Սահակյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ խորհրդարանական ձեւաչափով, քանի որ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքերի ձեւավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական գործակցությունը:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունը կանոնավոր կերպով զարգանում է: Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է.  «Անհրաժեշտ է ընդլայնել ու խորացնել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցներում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրների»:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանն սկսել է ավելի ծանր զինտեխնիկա կիրառել:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ աջակցության համար:

ՌԴ Պետական դումայի ղեկավարը, խոսելով միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության մասին, վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի եւ առավել կզարգանա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Սերգեյ Նարիշկինը նշել է, թե Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ստանա շուտափույթ լուծում բացառապես խաղաղ ճանապարհով, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս բարելավվեն:

Սերգեյ Նարիշկինը խոսել է նաեւ Սիրիայում ռուսական գործողությունների մասին եւ նշել, որ Ռուսաստանի կիրառած համապատասխան միջոցառումներն արդեն տվել են դրական արդյունքներ:

Back to top button